Երեկ հայտնի դարձավ, որ Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել Dream Beach հյուրանոցի լողափից 30 մետր հեռավորության վրա՝ մյուս հանգստացողների աչքի առաջ։
ArmLur.am-ը կապ հաստատեց մի քանի տուրիստական ընկերությունների հետ, պարզելու, թե արդյոք այս ամենի ֆոնին մարդիկ դեռ ցանկանում են գնալ Հուրգադա թե ոչ և արդյոք եղել են տոմսերի վերադարձներ:
«Ատլանտիս» տուրից մեզ պատասխանեցին, որ իրենք բացարձակ չեն սպասարկում դեպի Հուրգադա ուղղությամբ ճամփորդություններ:
Իսկ «Յամայկա թրեվլ» տուրիստական ընկերությունից պատասխանեցին, որ իրենց հաճախորդների հետ նման դեպքեր տեղի չեն ունեցել և մեր հարցերին էլ չեն կարող պատասխանել:
«Շելբի» տուրիստական ընկերության պատասխանատուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ դեպի Հուրգադա ճամփորդողների թիվը ավելի մեծ է եղել, այսօր նվազել է, բայց ամեն դեպքում կան մեկնողներ:
«Մի քանի հաճախորդ ունեինք, որ անհանգստացած էին այս դեպքերի մասով, հետաքրքրվում էին՝ ափերը փակվել են, թե ոչ, բայց քանի որ դեպքը երեկ է եղել, մենք դեռ շատ տեղեկություններ չունենք այդ մասին, անգամ հաճախորդի չկարողացա հստակ տեղեկություն տալ»,-ընդգծեց ընկերության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկներից մեկի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Իսկ ավելի ուշ շնաձկանը հաջողվել է բռնել։
Մահացածը 1999 թվականին ծնված ռուս է, ով տեղափոխվել էր Եգիպտոս։ Ըստ տեղեկությունների՝ մահացածի ընկերուհուն հաջողվել է դուրս գալ ջրից ու ծովափից հետեւել, թե ինչ է կատարվում։
Այն տարածքում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, թույլատրվել էր լողալ, սակայն հանկարծ հայտնվել է շնաձուկը և անմիջապես բռնել տղային։ Փրկարարները տեսել են և սկսել գործի դնել նավակը։ Տղան փորձել է լողալով հեռանալ շնաձկից, բայց չի կարողացել։ Ականատեսները հայտնել են, որ շնաձուկը տղայի մարմինը 2 ժամ քարշ է տվել:
Միջադեպից հետո նահանգի իշխանությունները հրահանգել են փակել Կարմիր ծովի՝ Հուրգադայի բոլոր լողափերը։
Հիշեցնենք նաև, որ սա Եգիպտոսում շնաձկների կողմից հարձակման առաջին դեպքը չէ։
Մաշա Մելքոնյան