Մարտի 28-ը պայքարի վերջնական հանգրվան չի կարելի համարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե մարտի մեկին «Դեմ եմ»-ը հանրահավաք է կազմակերպելու:

«Հանրահավաքներ կլինեն այս ամսվա մեջ, որի մասին նախօրոք կտեղեկացվի»,- ասաց նախաձեռնության անդամը: Ինչ վերաբերում է «Դեմ եմ»-ի անդամների նկատմամբ իրականացված ճնշումներին ու ահաբեկումներին և ոստիկանության կողմից դրանց արձագանքին, Դավիթ Մանուկյանի խոսքով`անձամբ իրեն ոստիկանությունից ոչ ոք չի զանգահարել. «Մեր ֆեյսբուքյան խմբում էլ ոչ ոք այդ մասին մինչ այդ պահը չի գրել»: Նախաձեռնության անդամը հերքեց նաև այն խոսակցությունները, թե շարժման թափը նվազել է, ընդհակառակը օրեցօր թե ֆեյսբուքյան խմբին, թե իրազեկման երթերին ավելի շատ քաղաքացիներ են մասնակցում: Իսկ արդյոք այս ակտիվությունը կպահպանվի նաև մարտի 28-ից հետո: Մեր զրուցակցի պատասխանը դրական էր, ավելին` Դավիթ Մանուկյանը խորհուրդ տվեց մարտի 28-ը խնդրի լուծման ու պայքարի վերջնական հանգրվան չհամարել, քանի որ մարտի 28-ը գործի քննության առաջին օրն է: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԵԿՄ-ում հնչեցրած հայտարարությանը, թե իշխանությունը որոշակի ժամանակով մարդկանց նեղություն է տալիս և ասում, որ 5 տոկոս պետք է խնայեն՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ ետ ստանալու համար, «Դեմ եմ» նախաձեռնության անդամի խոսքով` իշխանությունը չպետք է մտածի, թե ազգաբնակչության մեծ մասը անգրագետների, ինֆանտիլների ու անգիտակիցների հավաքածու է: «Եթե անգամ սա հիանալի բարեփոխում է, որին հասարակության մեծ մասը դեմ է չի կարելի այդ բարեփոխումը պարտադրել»,- եզրափակեց Դավիթ Մանուկյանը:




Լրահոս