Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։
Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։
Հիշեցենենք, որ Երասխում զրոյից կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի մասին հունիսի 3-ին տեսանյութ էր հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որին ի պատասխան Բաքուն դատապարտել էր Հայաստանում խոշոր մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու ծրագիրը։