Սյունիքի մարզպետ Հակոբյանը չի օգնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի 67 բնակիչ ունեցող Վանեք համայնքն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք շտապ լուծում են պահանջում: Այս գյուղում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ, իսկ ծերացող մարդկանց թիվը գերազանցում է երիտասարդների թվին: Սամվել Առաքելյանը երկու տարի է, ինչ Վանեքի համայնքապետն է:

-Հնարավորություն չունեմ թերթ գրվելու: Շատ ենք ուզում կարդալ, բայց ի՞նչ արած: Ներող կլինեք: Համայնքի բյուջեն չեմ կարողանում կարգավորել: Այնքան փոքր է, որ իմ աշխատավարձը կազմում է 56 հազար դրամ: Հունվարի 1-ից նոր աշխատող ենք ընդունել գյուղապետարանում` մեխանիզատորչիկ, դեռ ոչ մի կոպեկ չի ստացել: Մարզպետարանից խոստացել էին, որ կողքից օգնեին, բայց ոչ մեկն էլ ոչ մի բանով չի կարողանում օգնել: Ստիպված պետք է ես տամ համայնքի բյուջեից: Իսկ նա մեր գյուղացիների համար փայտ է բերում, արտերն է հնձում և այլն:

Դժգո՞հ եք, որ հիմա գյուղապետ եք:

-Բա էս պայմաններն ի՞նչ են: Չկան պայմաններ: Ուղղակի չէի պատկերացնում, որ գյուղացու կյանքն այդքան դժվար է: Ամեն մի էրեխու համար վազում եմ, ամեն մի ընտանիքին պարտական եմ, դողում եմ նրանց համար: Բայց իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես հրաժեշտ եմ տալու, ցանկություն չունեմ շարունակելու:

Ի՞նչ խնդիրներ ունի գյուղը:

-Շատ կան, է՜… (հառաչում է-Ս. Հ.): Ճանապարհները պետք է վերանորոգվեն, գյուղապետարանի շենք չկա, ամբողջը խնդիրներ են, դրան գումարած գյուղացու հոգսերը: Անցյալ տարի քամին շատ վնաս տվեց, բոլորի տանիքները փլվեցին: Ընկերական շրջապատից եմ գումար հայթայթել, որպեսզի մի մասին օգնեմ: Դժվար է: Ամեն անգամ մարզպետարանից խոստանում են օգնել, բայց…

Գյուղացիներն ինչո՞վ են ապրում:

-Անասնապահությունով, մեղվաբուծությամբ, հողագործությամբ: Թե չէ աշխատատեղ չկա: Գյուղից երկուսը դպրոցում են աշխատում. մեկը հավաքարարն է, մյուսը` տնտեսվարը, իսկ չորսն էլ` գյուղապետարանում:

Ինչի՞ց են շատ դժգոհում:

-Դժգոհում են էս կառավարությունից, որ չեն կարողանում կարգին ապրել: Էնքան է, որ իրենք իրենցով ապրեն, թող կառավարությունը վնաս չտա: Գյուղապետի աշխատավարձով ինչպե՞ս ընտանիք պահեմ: Դրա համար էլ անասնաֆերմա եմ հիմնել:

Մարդիկ գնո՞ւմ են գյուղից:

-Բնակիչներ ունեմ, որ հիմա էլ տեսնեմ, հնարավոր է` չճանաչեմ: Գնացել են ու չեն վերադարձել: Հիմա չեն գնում, բայց չեն էլ կարողանում ապրել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս