Այս պահին մի խումբ ազատամարտիկներ և քաղաքացիներ «Նվնվալը, դու հիմա տես, Սերժո», «Ազատամարտիկները, ժողովրդի հետ են» պաստառներով հավաքվել են Սարյան պուրակում և պատրաստվում են իրենց հարգանքի տուրքը մատուցել 2008 մարտի մեկի տաս զոհվածների հիշատակին: Հավաքին մասնակցում են նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը , «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ ազատամարտիկները, լինելով ժողովրդի մի մասը, հավաքվել են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու, այլ նաև այն պատճառով, որ այսօրվանից սկսած մարտի մեկը կարող է հանդիսանալ քաղաքական պայքարի նոր սկիզբ: Խաչիկ Ավետիսյանը չբացառեց, որ այսօր կլինեն բախումներ, միջադեպեր, քանի որ նրա համոզմամբ՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին՝ նա համոզմունք հայտնեց, որ զոհերի համար պատասխանատու են միայն իշխանությունները: «Մարտի մեկի զոհերի հարազատներին անհրաժեշտ է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, ինչը կարող է փոքր-ինչ սփոփել նրանց»,- պարզաբանեց Խաչիկ Ավետիսյանը: Armlur.am-ի թղթակիցը հետաքրքվեց, թե արդյոք մարտի մեկի դեպքերը քննող հանձնաժողովն հնարավորություն կտա բացահայտնել տեղի ունեցածը: Խաչիկ պատասխանեց, որ դեպքերի բացահայտումը կլինի միայն այն դեպքում, եթե լինի իշխանափոխություն: «Այն ինչ կատարվում է Ազգային ժողովում, համարում եմ ծաղրանք: Հավաքվում և ուրախանում են իշխանության ներկայացուցիչներն այն բանի վրա, որ ընդդիմության կամ ոչ կոալիցիոն ուժերի առաջարկներն օրինագիծ չեն մտնում: Սա ուղղակի ցինիզմ է, որը հետո արտահայտնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը»,- եզրափակեց ազատամարտիկը:
Ազատամարտիկները հարգանքի տուրք են մատուցում մարտիմեկյան զոհերին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ