«12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել. հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ. եթե ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք»,- Facebook-ի իր էջում գրել է գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը:
Նա նաեւ նշել է. «Քանի օր է Երեւանը ծխի մեջ կորած է, պատկան մարմինները դեռ ոչինչ չեն կարողանում անել. դե, ինչքան էլ կշարունակվի այդպես, չգիտենք։ Հիմա ասեմ ավելի վատի մասին. ուրեմն, կառավարության շատ «հանճարեղ» որոշումներից մեկով ինչ-որ փոփոխություններ են մտցրել, որի պատճառով թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել։
Հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ (հա, որոշ տնտեսվարողներից էլ մաքսազերծման գումարի մեծ մասը ստացել են), որը ռեալ վտանգ է մեր երկրի համար, քանի որ եթե դա մնաց, եւ ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք, ու մեզ սպասվում է էկոլոգիական թեթեւ աղետ լավագույն դեպքում։
Այս հարցը բարձրացրել եմ բազմաթիվ պաշտոնյաների, տեղյակ եմ պահել, խոսել եմ հնարավոր ռիսկերի մասին, եւ այսքան ամիսների ընթացքում տեղի է ունեցել մի թեթեւ տեղաշարժ։ Ճիշտն ասած, վախենում եմ՝ մինչեւ ԱԺ-ի՝ արձակուրդ գնալը այս հարցը չլուծեն։
Հարգելի՛ լրատվականներ ու բնապահպանական կազմակերպություններ, խնդրում եմ, այս հարցերը դուք էլ բարձրացրե՛ք, ժողովո՛ւրդ ջան, շատ-շատ վտանգավոր թեմա է, ախր։
Քաղաքական գործիչնե՛ր ջան, խնդրում եմ, դուք էլ խոսե՛ք. անգործության հետեւանքները աղետալի են լինելու»։