Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաեւ շատ ՔՊ-ականների, թեեւ տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները: Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանեւրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։ Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները: Փաշինյանի ասուլիսից հետո ՔՊ-ականները խառն են, ներսում տարբեր խոսակցություններ են գնում, անգամ առանձին զրույցների ժամանակ դժգոհություններ են հայտնում իրավիճակի անելանելիության մասով: Ասուլիսից հետո էլ ՔՊ-ականները տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես Փաշինյանի հայտարարությունների տակից դուրս գան, ինչպես մեկնաբանեն դրանք: Ստացվում է՝ հայտարարություններ անում է Փաշինյանը, բայց կրակն են ընկնում ՔՊ-ականները ու պիտի պատասխանատվություն կրեն չիմացածի համար:
Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները, տարբեր մշակութային միջոցառումների է մասնակցում, խելացի դեմքով շրջում թանգարաններում եւ վերջ. այսքանով նրա գործունեությունն ավարտվում է՝ չհաշված երբեմն գործուղումների մեկնելը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ իշխանական գործիչների մեծ մասն է դեմ Վահագն Խաչատուրյանի այս անտարբեր աշխատաոճին։ Շատ իշխանականներ այն կարծիքին են, որ պետք չէ ունենալ ՀՀ նախագահ, որն առանձնապես կարեւոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում՝ աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ… Հանրության մոտ հարց է առաջացել՝ ինչու է Վահագն Խաչատուրյանը, օրինակ, երեկ մեկնել Քաթար՝ գործուղման, կամ, չգիտես՝ ինչու, ուրբաթ օրը Մհեր Գրիգորյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր «Ուիգմոր» հիվանդանոց, որը ասոցացվում է Ավանեսյանի մոր հետ: Ստացվում է՝ Վահագն Խաչատուրյանը դրսում եւ ներսում տուրիստի դեր է կատարում, ու կարող ենք արձանագրել, որ նա ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: ԱԱԾ-ն գնացել էր Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Հավելենք, որ այդ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ տասնյակից ավելի աշխատակիցների, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Ստացվում է, որ նախաքննական մարմինը խուլիգանության հատկանիշներով հարուցել էր քրեական վարույթ, սակայն, նախաքննական մարմնի որոշմամբ, մասնակիցներից որեւէ մեկը խուլիգան չէ, չնայած որ հայհոյել են հանրային վայրում, անպարկեշտ պահել իրենց։ Ամեն դեպքում, հարցը փակվեց:
«Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ, որոնք այս ընկերությունը ստացել է նախկինում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով: Սա միակ գնումը չէ. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանն են: Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ դրա ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այժմ մերձ հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունյա եղբոր եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: