ՏԵ՛Ր ԿԱՆԳՆԻՐ ԱՐՑԱԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը 86.600 ք/կմ սահմաններով ներառում է նաեւ Արցախը, բացի սա, Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին զիջել նաեւ անկլավները: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

 

-Պարո՛ն Օհանյան, ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, անակնկա՞լ էին դրանք Ձեզ համար:

-Նիկոլ Փաշինյանի այդ բազմաժամանոց ասուլիսը, որի ընթացքում ինքն անընդհատ կրկնում էր նույն բաները, ինչ նախկինում է ասել, որում նորություն չկար ո՛չ ժողովրդի համար, ո՛չ էլ ընդիմություն համար, հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը հակապետական, հակասահմանադրական, հակաօրինական գործունեություն է ծավալել իր իշխանական թիմի հետ միասին, ինչի հետեւանքով վտանգված է եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի ապագան: Ես կուզեի հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ դու իշխանություն գալուց հետո հայտարարում էիր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հանրահավաք էիր կազմակերպում Արցախում, Շուշիում պարում էիր եւ դրանով ուզում էիր ցույց տալ, որ դու ես տերը ամբողջ հայ ժողովրդի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում առանց հասկանալու, որ դա մեծ վնաս է հարցնում հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ բանակցային ողջ գործընթացին: Այդ ժամանակ դու ուզում էիր տղայական ձեւով ասել, որ դու ես տերը: Ինչո՞ւ եմ ասում տղայական. որովհետեւ այդպիսի արտահայտություններ որեւէ պետական գործիչ, որը տիրապետում է պետական կառավարման նրբություններին, երբեւիցե չի կարող անել: Այսօր ասում ես, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է Արցախը եւ անկլավները: Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Ստեփանակերտ-Բաքու հարթության մեջ: Դե հիմա, եթե տղայական արտահայտություն ես արել, տղա ես՝ գնա՛ ու տե՛ր կանգնիր Արցախին. ինչո՞ւ չես գնում: Այս ամենից մենք գալիս ենք այն եզրակացության, որ խախտվել են այն բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար կարեւոր են: Արցախի ինքնորոշումը իրականացվել է Խորհրդային Միության փլուզման ընթացքում, Արցախը ինքնորոշվել է՝ Խորհրդային Միության օրենքների համաձայն այնպես, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ մնացած խորհրդային պետությունները: Արցախը երբեւիցե անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Միության այդ տարածքների իրավահաջորդ լինելուց:

-Պարո՛ն Օհանյան, իշխանությունն իր օրակարգը հստակ ասում է, պարզ ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով է շարժվում, ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել. հասարակությունը հստակ քայլեր է ակնկալում այս օրերին:

-Նախ՝ մենք հստակ աջակցում ենք Արցախի ԱԺ հայտարարությանը, որը համայն հայությանը համախմբվելու կոչ էր անում: Մենք նաեւ քաղաքական եւ հասարակական տարբեր ուժերի հետ շարունակում ենք համագործակցութունը: Վերջերս Կոռնիձորում մեծ հանրահավաք եղավ, որին նաեւ մենք էինք մասնակցում: Այդ հանրահավաքով ցույց տվեցինք, որ մենք Արցախի կողքին ենք, պատրաստ ենք մեր սահմանները պաշտպանել եւ շարունակելու ենք մեր պայքարը: Ընդդիմությունն իր գործունեությունը շարունակելու է խորհրդարանում՝ ուշադրությունը հրավիրելով անվտանգային խնդիրների եւ Արցախի վրա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԹԵ ՈՎ ԻՆՉՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Մայիսի 22-ին Արցախի խորհրդարանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

 

Երեկ՝ ուշ երեկոյան՝ Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։ Ուշ գիշերին հրավիրված նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կոշտ քննադատում, դատապարտում էին Արցախի հարցով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները: Փաշինյանի հայտարարությունների մասին իրենց ուղերձը հղեցին նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը:

«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետեւանքների մասին: Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից, եւ ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար», – նշված է հայտարարության մեջ:

Հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Եղել եւ հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջեւ տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը: Խոսքերից զատ, այսօր առավել, քան երբեւէ, կարեւոր են քայլերը, գործերը եւ համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ է Քերոբյանը կրկին ԱՄԷ-ում եղել, սակայն Դուբայ քաղաքում: Այս այցելության համար էլ ավիատոմսի արժեքը կազմել է 218 հազար դրամ, գիշերավարձը՝ 96 հազար դրամ (2 օրվա համար), օրապահիկը՝ 147 հազար 573 դրամ (3 օրվա համար)։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ծախսը կազմել է 462 հազար դրամ: Իսկ որքանո՞վ են արդյունավետ եղել պետբյուջեի հաշվին կատարված այցերը: Մայիսի 3-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նախարար Քերոբյանը մայիսի 7-10-ը էլի մեկնել է Աբու Դաբի՝ Արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հրավերով: Այնտեղ նա մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2023»-ին: Իր հաշվետվության մեջ նախարարը երկար բացատրել է, թե ովքեր են ելույթ ունեցել, կամ ինչ հարցեր են քննարկվել: Ամենաուշագրավը թերեւս արդյունքների մասին հաշվետվությունն է, որտեղ նշվում է, որ ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել է հանդուրժողականության ոլորտում փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն սոցապնախարարության հուշագրի հետ: Եթե նա համատեղության կարգով նաեւ սոցապնախարար չէ, ինչո՞ւ է ստորագրում փաստաթուղթ Սոցապնախարարության անունից: Սա էլ երեւի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ժողովրդավարության յուօրինակ դրսեւորում է, որտեղ չկա հայտնի պոզով, պոչով կոռումպացված կենդանին:

 

 

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն  դատարանը ծանուցում է ուղարկել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ Մակար Ղամբարյանին, որպեսզի ներկայանա դատարան՝  որպես վկա հարցաքննվելու: Երեկ Մակար Ղամբարյանը անձամբ  ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան եւ որպես վկա հարցաքննվել։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020թ.-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաեւ «Օրսիսի գործ»-ի հետ էր կապվում:  Հիշեցնենք,որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում էլ Մակար Ղաբարյանը ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան։

 

 




Լրահոս