Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց պայքար սկսելու մասին։
««Դաշնակցություն»-ը,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը,- ամեն ինչ անելու է լայն համախմբման համար»: Նաեւ փողոցային պայքարից խոսեց։ Գործողությունների կոնկրետ ժամկետներ հրաժարվեց նշել։
«Իրենք լեգիտիմ չեն, իրենք չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը, հետեւաբար ցանկացած գործողություն այս իշխանություններից ազատվելու եւ երկիրը փրկելու՝ կլինի անհնազանդություն, ապստամբություն, այս իշխանությունն այլ ընտրության, այլ հնարավորություն չի թողնում՝ կա՛մ պետք է հանձնվել, կա՛մ պետք է պայքարել հայրենիքի համար։ Ես բռնի գործողությունների կոչ չեմ անում, ապստամբությունը անհնազդանություն է եւ ժողովրդի սրբազան իրավունքն այն իշխանության դեմ, որի ձեռքը ժողովուրդը գերի է ընկել», – ասաց նա։
Խորհրդարանում իշխանականները երեկ մեծամասամբ հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին։ Բացառություն էր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա եւ՛ Ադրբեջանի նախագահին ռազմական հանցագործ էր անվանում, ասում, որ Ալիեւը վստահելի չէ, եւ՛ որ ամեն ինչ պետք է անել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ հանուն երկարատեւ խաղաղության։ Արցախի ինքնորոշման համար շանսերը հիմա է՛լ ավելի մեծ էր համարում։
«Այս իրավիճակով է՛լ ավելի մեծ է հնարավորությունը Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացման, եւ ավելի քիչ են ռիսկերը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքների…»։
Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երեւանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։
«Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ես ասել եմ եւ ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում. կարող եմ ասել՝ 86,6 հազար [քառակուսի] կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել, եւ, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», – հրավիրած ասուլիսում նշեց Փաշինյանը։
Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ – Բաքու երկխոսության միջոցով։ Թե արդյոք Բաքուն համաձայն է, վարչապետը չմանրամասնեց. «Կարեւոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել, եւ Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարեւոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։
Փաշինյանը նաեւ փակագծեր էր բացել։ 1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաեւ անկլավները։ Դրանք փոխանակելու հարցում, սակայն, միանշանակ դիրքորոշում Երեւանը չունի։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե անկլավների փոխանակման իրավական հիմքեր չկան. «29 հազար 800-ի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ էդ հաշվարկներով մտնում են նաեւ անկլավները։ Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական որոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել եւ նայել»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարեւորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համապատասխան կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագրերի իրականացումը։
Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
Արմեն Գրիգորյանի հետ Մոսկվա են մեկնել նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սեւակ Ղահրամանյանը: Նրանց գործուղումն այսօրվանից մինչեւ մայիսի 25-ը ներառյալ է:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ Արմեն Գրիգորյանի եւ Գոռ Երանյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին եւ Պատրիկ Պրայորին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ կարեւորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
Քրեակատարողական ծառայողներն ատեստավորում կանցնեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում, որով քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման նոր կարգ կսահմանվի: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլ քայլերի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը:
Ատեստավորման կարգ ներդնելով՝ նպատակ է առկա մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրեր ներգրավել, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակ սահմանել: Այսպիսով, այս նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն՝ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաեւ բարելավել Քրեակատարողական ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները:
Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման եւ հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումները ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում:
Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման եւ վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք բերման օրվանից: