Այսօր մարտի մեկն է… ցավոք սրտի մեզ համար մարտի մեկը դարձել է արարողակարգային մի միջոցառում, որտեղ ինչպես շատ միջոցառումներ, հիշում ենք, երբ տվյալ օրը մոտենում է: Ձանձրալի է դառնում անընդհատ ամեն տարի դասախոսության նման պատճառը ներկայացնել, թե ինչպե՞ս եղավ մարտի մեկը, ո՞ր ժամին եղավ, ով ի՞նչ ասաց… Բոլորս էլ պարզ գիտենք, որ այդ ամենը Քոչարյանի ձեռքի գործն էր և նրա հրամանով եղավ այդ ոճրագործությունը: Փաստ է, որ կատարվել է: Մեզ այսօր պետք է մտածել հետևանքների մասին և դրանից հետո թույլ չտալ, որ կրկին անգամ մարտի մեկ կրկնվի: Մենք անընդհատ պատճառների մասին ենք խոսում, բայց ոչ մի կերպ չի հաջողվում մեզ իրավական և քաղաքական գնահատական տալ այդ ոճրագործությանը: Այսօր էլ հույս չունեմ, որ մարտի մեկի խնդիրը լուծում կստանա, նորից կհավաքվի ժողովուրդը, կվերածվի բամբասանքավերլուծաբանական մի միջոցառման: Էքսկուրսիա կկատարենք Երևանի կենտրոնական փողոցներով, կտեսնենք ինչ նոր շենքեր ու զվարճանքի վայրեր են կառուցել մեր օլիգարխները, մտքներումս մի լավ կհայհոյենք, կվերադառնանք ելման կետին, կցվրվենք մեր տներով: Կմոռանանք մի ամբողջ տարի, մինչև կգա հաջորդ տարվա մարտի մեկը… և այդպես շարունակ: Ցավալին այն է, որ այն մարդիկ ովքեր մասնակից են եղել մարտի մեկի արյունոտ այդ ոճրագործությանը, այսօր նրանք էլ են խոսում մարտի մեկը «դատապարտելու» մասին՝ մտածելով, որ իրենց կաշիները այդ ձևով կարելի է փրկել: Քանի դեռ սեր և միաբանություն, ազգային արժանապատվության գիտակցություն չկա և նաև պետական մտածողություն չունեն, մեր քաղաքական և կուսակցական գործիչները՝ մարտի մեկը չի բացահայտվելու: Ու այդպես շատ հարցեր կմնան չբացահայտված: Աստված տա ես իմ վերլուծությունների մեջ սխալված լինեմ:
Արթուր Հայրապետյան
Գրող, հրապարակախոս