ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է 5 ՄԼՆ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երեւանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին ամուսնալուծվելուց հետո անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով Facebook սոցիալական ցանցի միջոցով 2021թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով: Վարդան Ղուկասյանը հաղորդագրության միջոցով կնոջն ուղղորդել է իր անունից դիմել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին՝ փոխանցելով վերջինիս բջջային հեռախոսահամարը: Հիշյալ կինը Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին, որոնք շուրջ երկու շաբաթ անց՝ վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո, հանդիպել են նրան: Արտակ Գալստյանը, որպես փաստաբան, կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին:

Վերջինս մի խումբ այլ անձանց հետ, առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալու մասին եւ երաշխավորել անչափահաս երեխայի՝ ՌԴ վերադարձը կազմակերպել։ Դրա համար նրանք պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի եւ հիշյալ քաղաքացու հոր միջեւ կնքվել է պայմանագիր: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ եւ հորդորով քաղաքացու ծնողների կողմից 43-ամյա կնոջն առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամ: Գումարը ստանալուց հետո 43-ամյա կինը հիշյալ քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծել, թե իբրեւ զբաղվում է նրա դստեր հարցով, դիմել է համապատասխան մարմիններին:

Այնուհետեւ քաղաքացին, 2021թ. սեպտեմբերի 13-ին քննչական մարմնի կողմից հրավիրված լինելով հարցաքննության, փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, որը կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը կինը նույն օրն առձեռն տվել է նրան:

Հետագայում քաղաքացին համապատասխան հարցումների միջոցով պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետեւ ԱՄԷ Շարժա, որտեղից էլ Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է փաստաբանին: Վերջինս, WhatsApp հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացուն եւ խաբեությամբ նրան հայտնել, թե, իբրեւ, կան մարդիկ, որոնք շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային եւ կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, որի համար պահանջել է եւս 2.000.000 ՀՀ դրամ: Որոշ ժամանակ անց նա տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Քաղաքացին, գտնվելով անելանելի վիճակում, համաձայնել է առաջարկին եւ 2022թ. դեկտեմբերին՝ տարբեր օրերի, բանկային փոխանցմամբ փաստաբանին մաս-մաս փոխանցել է հիշյալ գումարը:

Փաստաբանը կնոջից պահանջել է նաեւ 2500 ԱՄՆ դոլար՝ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի եւ վիզայի համար, ինչը վերջինս նույնպես վճարել է:

Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 10-ին, փաստաբանը քաղաքացու հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե, իբրեւ, ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում, այնինչ կինը պարզել է, որ դուստրը դեռեւս 2022թ. մայիսին Դուբայ քաղաքից մեկնել է Թուրքիայի Հանրապետություն:

Դրանից հետո՝ մարտի 14-ին, նրանք վերադարձել են Հայաստան՝ այդպես էլ չլուծելով անչափահաս երեխային մորը վերադարձնելու ստանձնած պարտավորությունը: Այդկերպ փաստաբանը խմբի կազմում քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին: Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու հիմքով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան Ս.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին ArmLur.am-ը հայտնել է, որ ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրա դեմ հաղորդում է ներկայացրել վստահորդը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ «ՎԵՆԵՑԻԱ» ՍՐՃԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Մայիսի 22-ին դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի եւ ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Նշվում է, որ մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա. Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դ. Ղամբարյանի եւ 19-ամյա Գ. Ղամբարյանի հետ։ Դրանից հետո Ա. Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, որը Վանաձորում հայտնի է նաեւ Վայֆայի Արո մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Ղամբարյանը խնդրել է նրանց, որ դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան, այդ թվում՝ աղջիկ, սակայն դա նրանց վրդովվեցրել է, ու սկսել են քաշքշել Ղամբարյանին։

Գալով սրճարան՝ Գ. Ղամբարյանը տեսել է այդ ամենը եւ փորձել միջամտել վիճաբանությանը, սակայն Ա. Սարկիսյանը շարունակել է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել Ա. Սարկիսյանին։ Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք դանակը։

 

 

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Երեկ տեղի ունեցավ «Ազատ Արցախ-հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացումը հանրությանը:

«Ազատ Արցախ-հայաքվե» նախաձեռնող խումբը օրենսդրական փոփոխության ստորագրահավաք է սկսել, որով ծանր պատիժ է նախատեսում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնության նպատակն է հանրության աջակցությամբ ստանալ 50.000 ստորագրություն, որով հնարավորություն կստանան Արցախը հայկական պահելու հարցը ներմուծել Ազգային ժողովի օրակարգ եւ դնել քվեարկության: Այսպիսով, հանրությանը կոչ է արվում մոտենալ ցանկացած համայնքապետարան կամ քաղաքապետարան եւ ստորագրությամբ համաձայնել «Ազատ Արցախ-հայաքվե»-ին, որով այս փոփոխությունը կարող է մտնել քրեական օրենսգիրք։ Ըստ նախաձեռնության անդամների՝ դրանով կարող ենք ստիպել Հայաստանի իշխանություններին ետ կանգնել Արցախը հանձնելուց։

Նախաձեռնության բանախոսներն էին «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Հրանտ Միքայելյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը: Հարցին, թե արդյոք համայնքապետարաններում անցկացնելով ստորագրահավաք՝ կարող են ապահովել դրա անխոչընդոտ ընթացքը, եւ արդյոք իշխանությունները լծակ չեն ունենա դրա արհեստական դադարեցման համար, բանախոսները նշեցին, որ ստորագրահավաքը վերահսկվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ այսպիսի ստորագրահավաք առաջին անգամ է տեղի ունենալու Հայաստանում:

 

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ԱՐԹԻԿԻ ԲԱՆՏՈՒՄ

ArmLur.am-ին «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներ Դավիթ Հովսեփյանը եւ Անդրանիկ Սարգսյանը հացադուլ են հայտարարել։ Նրանք մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու համար այն պարագայում, երբ որեւէ ապացույց առկա չէ։ Սույն գործը 2022թ. հունիսից գտնվում է դատարանում. արդեն 3 դատավոր է փոխվել, իսկ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են: Մայիսի 18-ին ի վերջո դատական նիստը կայացավ, սակայն դատավոր Սաթենիկ Անդրեասյանը մերժեց այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությունը այն պարագայում, երբ դատական նիստերը կայանում են լավագույն դեպքում 6 ամիսը մեկ: Անդրանիկ Սարգսյանը եւ Դավիթ Հովսեփյանը խնամքին ունեն անձինք, Անդրանիկ Սարգսյանը՝ հաշմանդամության կարգ, իսկ Դավիթ Հովսեփյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին ամենաթեժ հատվածներում։ Քանի որ կալանքի տակ պահելու հետքերը առկա չեն, գործով ապացույցներ առկա չեն, իսկ Շիրակի մարզի դատախազ Եդիգարյանը ունի տրամադրվածություն. վերոնշյալ անձինք հայտարարել են հացադուլ եւ պահանջում են, որպեսզի մեղադրող դատախազը փոխվի, եւ իրենց խափանման միջոց կալանքը փոխվի այլնտրանքային խափանման միջոցով խնամքի տակ գտնվող անձանց հոգ տանելու նպատակով:

ՔՆԱՐ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս