ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երեւանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ, հնարավոր է, Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաեւ հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու եւ բացահայտելու նպատակով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, իսկ վերջինիս անվամբ ներմուծվելիք առաքանիներն անմիջապես վերցվել են հսկողության:
Օրեր անց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության եւ «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով Հերոին տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում եւ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հիշյալ առաքանին ստանալիս ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն սահմանափակվել եւ շարունակել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու վերլուծական աշխատանքը ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու եւ բացահայտելու նպատակով: Արդյունքում տեսադաշտում է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:
Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ տվյալ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվելու առաքանի, որը, հնարավոր է, պարունակի թմրամիջոցներ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ:
Դրանք միախառնված եւ թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ: Համատեղ իրականացված «Վերահսկելի մատակարարում եւ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել եւ տեղափոխվել է բնակության վայր իր մասնակցությամբ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով:
Վերջինիս բնակության վայրից հայտնաբերվել է նաեւ 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով: Հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ այլ տարաներ` կրկին
թմրամիջոցների հետքերով:
Բացահայտված Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի օգտագործումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած, ամենաբարձրն է։
Համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների՝ Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների` Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի ընթացքում Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի, եւ այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է: Ֆենտանիլի ազդեցության էֆեկտը 50 անգամ ավելի ուժեղ է, քան Հերոինի, եւ 100 անգամ ավելի ուժեղ, քան Մորֆինի ազդեցությունը:
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական ճանապարհով թմրամիջոցների տեղափոխումից եւ օգտագործումից:
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվելու է վարչապետի որոշմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքում: Նշենք, որ օդանավակայաններում հատուկ եւ պաշտոնական պատվիրակությունների սրահները 2 տարբեր սրահներ են: Այժմ սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
Հիմնավորման մեջ նշվում է՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, որը այլ կերպ կոչվում է նախագահական կամ կառավարական սրահ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով՝ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Վրաստանի քաղաքացի, Զուգդիդի քաղաքի բնակիչ,1985թ. ծնված Ալմա Վլադիմիրի Չխապելիայի դատավարությունը։ Բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, ըստ իր հայտարարության՝ խնամքին երկու անչափահաս երեխա ունեցող Ա. Չխապելիան, 2019թ. հունիսին իր ծանոթ Արծրուն Սլյանին տեղեկացնելով իր գումարային խնդիրների մասին, նրան խնդրել է օգնել։
Ա. Սլյանը հայտնել է, որ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ տանը, հնարավոր է, որ գումար լինի։ 2019թ. հուլիսի սկզբին Ա. Սլյանը Ա. Չխապելիային ծանոթացրել է իր ընկեր Վազգեն Մնացականյանի հետ, որը ցանկություն է հայտնել Ալմայի հետ գողություն կատարել։ Նշված երեքը, համաձայնության գալով Բագրատ Սանթրոսյանի գույքի գաղտնի հափշտակության շուրջ, 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 08:00-ից 12:50-ն ընկած ժամանակում, Արծրուն Սլյանի «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են Դիլիջան քաղաք, ճանապարհին պատահաբար հանդիպելով Բագատ Սանթրոսյանի ավտոմեքենային՝ համոզվել են, որ վերջինիս տանը մարդ չկա:
Արծրուն Սլյանն իր ավոտոմեքենան կայանել է Դիլիջանի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրի մոտ, որից հետո Ալմա Չխապելիան եւ Վազգեն Մնացականյանը մոտեցել են Բագրատ Սանթրոսյանի տանը, ապօրինի մուտք են գործել տուն եւ գաղտնի հափշտակել ընդհանուր 15 միլիոն 793 հազար դրամի գույք, 7 միլիոն դրամ կանխիկ գումար, 4 միլիոն 293 հազար 9000 դրամի համարժեք 9000 ԱՄՆ դոլար եւ ընդհանուր 4 միլիոն 500 հազար դրամ արժեքի ոսկյա զարդեր, բիժուտերիաներ, խորհրդային մետաղադրամներ եւ թղթադրամներ, որից հետո դիմել են փախուստի։ Բացի այդ, Ալմա Չխապելիան Ա. Սլյանի եւ Դիլիջան քաղաքի բնակիչ Ազատ Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ 2019թ. օգոստոսի 22-ին Հաղարծին գյուղում գողություն են կատարել. Ա. Չխապելիան ապօրինի մուտք է գործել Ֆելիքս Ստեփանյանի տուն, գաղտնի հափշտակել 34 800 դրամ արժողությամբ 4 դանակներ, 9000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս եւ 1 միլիոն 140 հազար դրամ գումար, որից հետո երեքով դիմել են փախուստի։ 2020թ. հուլիսի 29-ի որոշմամբ հարուցված քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Արծրուն Սլյանի, Ազատ Պողոսյանի եւ Վազգեն Մնացակայանի վերաբերյալ մասը։ 2019թ. հոկտեմբերի 16-ին Ալմա Չխապելիայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նա 2022թ. մարտի 25-ին ձերբակալվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածքում։ Ա. Չխապելիան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (2դրվագ) եւ 396 հոդվածի 3-րդ մասի 2-ր կետով։ 2023թ. մայիսի 5-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Ալմա Չխապելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարաձգել 3 ամիս ժամկետով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ