ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՏԱՐԿԵՏՄԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստում երեկ՝ մայիսի 23-ին, առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների անընդհատ կրթության համար բարելավել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման վարչարարությունը:

Նախարարը հայտնել է, որ մեր երկրում պարտադիր է 12-ամյա հանրակրթությունը, որը կարող է իրականացվել դպրոցներում, կամ 9-րդ դասարանից հետո՝ նաեւ նախնական կամ միջին մասնագիտական հաստատություններում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված է, որ մինչեւ 19 տարեկան լրանալն այն սովորողները, որոնք դեռեւս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ կերպով օգտվում են տարկետման իրավունքից: Նրա խոսքով՝ առկա են դեպքեր, երբ որոշ հանգամանքներից ելնելով՝ 19 տարեկան լրանալուց հետո սովորողը դեռեւս չի ավարտել իր ուսումնառությունը: Այս պարագայում եւս նրանք կարողանում են առանց ընդհատման շարունակել իրենց կրթությունը, հետո նոր անցնել պարտադիր զինվորական ծառայության:

«Սակայն գործող օրենքն ունի որոշ անհարթություններ, որոնք առաջ են բերում խնդիրներ: Մասնավորապես, օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարեկան լրացած սովորողի՝ անընդհատ կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել տարբեր հիմքերով՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները եւ այլն: Եվ բոլոր  այն դեպքերում, երբ տարկետումն ունեցել է այլ հիմք, քան սովորելը, առաջացել են անհարթություններ եւ խնդիրներ: Հետեւաբար առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել են օրենքով սահմանված հիմքերից որեւէ մեկի առկայության պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, ինչպես նաեւ ավելի հստակ է դարձել առանց ընդհատման բառերի ավելացմամբ այս իրավունքի պահպանումը»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ փոփոխությունն էապես կհեշտացնի վարչարարությունը եւ կբարելավի բազմաթիվ մարդկանց՝ սովորելու եւ այդ ընթացքում տարկետումից անխափան կերպով օգտվելու հնարավորությունը:

Ըստ նախարարի՝ քանի որ արդեն ամառային զորակոչի ընթացքում նշյալ կարգավորման կիրառման կարիք կա, առաջարկվել է նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով:

Զեկույցից հետո նախարարը պատասխանել է նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ վստահեցնելով, որ առաջարկվող փոփոխություններով ավելի պաշտպանված կլինի սովորողների կրթության իրավունքը:

 

 

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

«4090 բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, որոնք սովորում են ՀՀ որեւէ բուհում կամ միջին մասնագիտական հաստատությունում եւ կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:

 

Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը մինչեւ մայիսի 31-ը՝ ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչեւ վերոհիշյալ ժամկետը, PDF ձեւաչափով եւ մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով եւ երկու փուլով` փաստաթղթերի դիտարկում եւ հարցազրույցի անցկացում:

«4090 բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո եւ նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ. պատերազմի մասնակից այն քաջերին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագան կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի: Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի ՀՀ տարբեր բուհերում սովորող 60 շահառու։

 

 

 

 

ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների՝ Երեւանի եւ մարզերի քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը՝ մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում:

ԵՐԵՎԱՆ

1) Երեւանի թիվ 11 հիմնական դպրոց

2) Երեւանի թիվ 14 հիմնական դպրոց

3) Երեւանի թիվ 29 ավագ դպրոց

4) Երեւանի թիվ 57 հիմնական դպրոց

5) Երեւանի թիվ 62 ավագ դպրոց

6) Երեւանի թիվ 88 հիմնական դպրոց

7) Երեւանի թիվ 118 ավագ դպրոց

8) Երեւանի թիվ 135 հիմնական դպրոց

9) Երեւանի թիվ 155 հիմնական դպրոց

10) Երեւանի թիվ 168 հիմնական դպրոց

11) Երեւանի թիվ 170 ավագ դպրոց

12) Երեւանի թիվ 189 ավագ դպրոց

13) Երեւանի թիվ 190 ավագ դպրոց

14) Երեւանի թիվ 200 հիմնական դպրոց

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

15) Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոց

16) Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

17) Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց

18) Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց

19) Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

20) Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

21) Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց

22) Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

23) Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց

24) Գավառի թիվ 3 հիմնական դպրոց

25) Գավառի թիվ 5 հիմնական դպրոց

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

26) Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

27) Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց

28) Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

29) Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց

30) Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց

31) Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց

32) Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

33) Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց

34) Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց

35) Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

36) Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց

37) Կապանի թիվ 6 հիմնական դպրոց

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

38) Եղեգնաձորի ավագ դպրոց

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

39) Իջեւանի ավագ դպրոց

40) Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոց

Հիշեցնենք նաեւ, որ 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ին եւ կավարտվեն հունիսի 27-ին։

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը՝

09.06.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

13.06.2023 թ. – «Օտար լեզուներ»,

16.06.2023 թ. – «Մաթեմատիկա»,

20.06.2023 թ. – «Հայոց լեզու եւ հայ գրականություն»,

23.06.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27.06.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

 




Լրահոս