Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը 86.600 ք/կմ սահմաններով ներառում է նաեւ Արցախը, բացի սա, Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին զիջել նաեւ անկլավները:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենք շարժվում են խաղաղության օրակարգով եւ փորձում են 29.800 ք/կմ-ը դարձնել անվտանգ միջավայր:
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչպես կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունները։ Դուք նախապես տեղյա՞կ էիք այդ ամենից, թե՞ Փաշինյանի հայտարարություններն անսպասելի էին նաեւ Ձեզ համար:
-Ուզում եմ նշել, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն շարժվում են խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք անում եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետությունում դառնա օրինական: Նաեւ ուզում եմ նշել, որ մենք ծայրահեղ պատասխանատվությամբ ենք վերաբերվում բոլոր անվտանգային պրոցեսներին։ Շատ եմ կարեւորում այն հանգամանքը, որ մենք ծանր եւ երկարատեւ բանակցությունների արդյունքում ունենանք հնարավորություն համընդանուր փոխըմբռնման, ինչպես նաեւ շատ մեծ դերակատարում պետք է ունենան բանակցող բոլոր կողմերը: Կարծում եմ, որ Հայաստանի պետական շահը պահանջում է, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները եւ մեր անվտանգությունը բանակցող կողմերը լավագույնս ներկայացնեն այս գործընթացում, որը հիմա ընթանում է:
-Ասում եք, որ գնում եք խաղաղության ճանապարհով, բայց Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ ամենեւին տրամադրված չէ խաղաղության, բանակցություննների ժամանակ ձեռք բերված որեւէ պարտավորություն չի պահում։ Ի՞նչ երաշխիք կա, որ եթե ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հերթական զիջմանը գնանք, Ադրբեջանն էլ կկատարի իր պարտավորությունները:
-Միակողմանի որեւէ գործընթաց չի լինելու, որեւէ երկրի տարածքային ամբողջականության ճանաչում նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում: Այժմ հենց բանակցությունների սեղանին դրված է այն հանգամանքը, որ մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետության 29 800 ք / կմ-ը դարձնել մեր հայրենակիցների համար բացառապես անվտանգ միջավայր:
-Պարո՛ն Հակոբյան, ՔՊ-ն երեքշաբթի օրը վարչության նիստ էր արել, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ հարցեր եք քննարկել, արդյոք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները քննարկե՞լ եք վարչության նիստին:
-Վարչության նիստից հետո մենք հանդես ենք գալիս հաղորդագրությամբ, որտեղ նշված է, որ մենք քննարկել ենք ներքին եւ արտաքին բազմաթիվ խնդիրներ: Կարծում եմ՝ հասկանալի է, որ այդ արտաքին խնդիրների քննարկման մեջ ներառում է նաեւ անվտանգային հարցեր:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ եւ շատ վաղուց: Օրինակ՝ 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավներին:
Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Հարցը քաղաքական եւ իրավական կողմ ունի: Քաղաքական մակարդակում Մյունխենում եւ Բրյուսելում եղել է հետեւյալ խոսակցությունը. մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին, եւ անկլավներ, որոնք ՀՀ-ի տարածքում են եւ պատկանել են Ադրբեջանին: Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Ես ասել եմ, որ իրավական մակարդակում, առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված, մենք ունենք լրացուցիչ հարցեր»:
Նրա խոսքով՝ այս, ինչպես նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման արձանագրումներից հետո հարց է առաջանում՝ ինչպես է լուծվելու անկլավների հարցը. «Լուծելու երկու տարբերակ կա: Առաջինը՝ որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ երկրի տարածքում: Օրինակ՝ հարց է նաեւ այն, որ, պատկերացնո՞ւմ եք, մենք գնանք, ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները թող մնան մեր տարածքում, բայց այստեղ էլ իրավական հարցեր ու նրբություններ կան, որովհետեւ ՀՀ ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել: Էդտեղ որեւէ բան որոշված չէ. կան քննարկումներ, եւ, իմ պատկերացմամբ, սա այն կետն է, որտեղ ճկունության մեծ տեղ կա»:
Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց՝ որեւէ բան որոշված չէ, կան մտքեր, գաղափարներ, որոնցից որեւէ մեկը մերժված չէ. եթե Ադրբեջանի հետ կլինի հստակ պայմանավորվածություն, ինքը կգա ու կասի՝ հարցի լուծման շուրջ հստակ պայմանավորվածություն կա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱՆՈՍՅԱՆԻ ՄԵԿԱՆՁՆՅԱ ԳՆՈՒՄՆԵՐԸ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բավականին ակտիվ է գնումներ կատարելիս: Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցը նաեւ հետ չի մնում իր մյուս գործընկերներից՝ մեկ անձից կատարվող՝ նախկինում խիստ մերժելի ձեւաչափով գնումներից: Օրինակ՝ նախարարությունը 17 մլն 209 հազար դրամով պայմանագիր է ստորագրած եղել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ՝ մեկ անձից գնման ընթացակարգով, եւ իրականացվել են հեղինակային հսկողության ծառայություններ: Մեկ անգամ էլ այս նույն ընկերության հետ պայմանագիր է ստորագրված եղել 3 մլն 998 հազար դրամով: Նույն ծառայությունն իրականացնելու համար կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է ստորագրված եղել «Արցախճանինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ 4 մլն 290 հազար դրամ արժողությամբ: Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցն առհասարակ այս տարի մեկ անձից գնումների հարցում ակտիվ է եղել: Օրինակ՝ կահույքի վերանորոգման համար այս կառույցը ծախսել է 250 հազար դրամ, համակարգչային ծառայությունների համար՝ 2 մլն 835 հազար դրամ, կապի ծառայությունների համար՝ 60 հազար դրամ: Ի տարբերություն մյուս նախարարությունների՝ այստեղ ավելի բարվոք վիճակ է կադրային առումով, եւ, պաշտոնական կայքի համաձայն, թափուր է միայն Ընդերքի վարչության պետի պաշտոնը: