Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել եւ իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր:
Այդ մասին հայտնում են դատախազությունից։
Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին եւ 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան:
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն եւ Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի փետրվարը կազմակերպել եւ իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ եւ մասնակիցներին վաճառել 1000, 5000 եւ 25 հազար դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով: Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից, հօգուտ Ս.Պ.-ի եւ Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տեւել են օրական նվազագույնը 5-6 ժամ):
Վերոնշյալ հանցավոր գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Դատախազի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ Ս.Պ.-ի եւ Դ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) եւ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը եւ օժանդակելը):
Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ որ Հ.Մ.-ն 2021 թվականի ընթացքում Սայաթ-Նովա պողոտայում վարձակալել է ակումբի փոքր եւ մեծ առանձնասենյակներ, որտեղ առկա են եղել թղթախաղերի, այդ թվում նաեւ՝ «Պոկեր» տեսակի կենդանի խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղաններ:
Նույն նպատակով Հ.Մ.-ն Կոտայքի մարզի Քասախ համայնքում Պ.Պ.-ից 4000 դրամ ժամավճարով պարբերաբար վարձակալել է առանձնատուն, որտեղ Պ.Պ.-ն տեղադրել է թղթախաղերի, այդ թվում՝ նաեւ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղան, խաղաքարտեր, խաղաքարեր, հավաքագրել է մասնակիցներ եւ իրականացրել շահումով խաղեր: Նույն հասցեի առանձնատանը շահումով խաղեր է կազմակերպել եւ իրականացրել նաեւ Հ.Ս.-ն: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի գույքային վնաս:
Դատախազի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Պ.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խաղավարներ Ա.Դ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հ.Ս.-ի նկատմամբ՝ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեկ այլ վարույթով հիմնավորվել է, որ Հ.Կ.-ն 2021 թվականի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկի հասարակական նշանակության տարածքում, նույն քաղաքում գործող ռեստորանի տարածքում գտնվող սենյակում, ինչպես նաեւ համակարգչային խաղերի եւ ժամանցային ակումբի սրահում, առանց պետական գրանցման եւ լիցենզիայի, պարբերաբար կազմակերպել եւ վարել է «Պոկեր» տեսակի շահումով խաղ եւ ստացել շահույթ: Պպետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 16 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Նույն վարույթի շրջանակում պարզվել է նաեւ, որ Ա.Կ.-ն օժանդակել է Հ.Կ.-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն եւ իրականացնելուն: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Դատախազի՝ 2023 թվականի մայիսի 10-ի որոշումներով՝ Հ.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականի ընդունված Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ օժանդակություն):
Քննչական կոմիտեում իրականացված մեկ այլ վարույթով պարզվել է, որ Գ.Թ.-ն շահույթ ստանալու նպատակով, խաղավար Մ.Մ.-ի օժանդակությամբ, առանց պետական գրանցման եւ լիցենզիայի, կազմակերպել է լիցենզավորման ենթակա՝ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Գ.Թ.-ն 2021 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում «Պոկեր» տեսակի կենդանի խաղ անցկացնելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով կահավորված իր բնակարանում եւ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սրճարանի կողմից ժամավճարով վարձակալության տրամադրված առանձնասենյակում կազմակերպել եւ իրականացրել է «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Դատախազի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումներով՝ Գ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ԼԱԲԱՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում՝ չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:
«Մանկապարտեզի 18.05.2023թ. ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաեւ խոհանոցի եւ խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաեւ կենսանմուշներ մանկապարտեզի սաներից եւ սպասարկող անձնակազմից: Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ եւ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) եւ ոսկեգույն ստաֆիլակոկ (S.aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ եւ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտնաբերվել նաեւ վերցված խմելու ջրի նմուշում։ Շեղում է արձանագրվել խոհանոցից եւ խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների եւ սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,- ասված է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ։
Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում:
«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԻՆՁ ՃՆՇԵԼ»
Երեկ «Որդիների Կանչ» ՀԿ-ն որոշում կայացրեց կասեցնել պայքարի այս ձեւը եւ դադարեցնել նստացույցը Կառավարության դիմաց:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց զոհված հերոսի հայր Գարիկ Գալեյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ:
«Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ: Մեր ազգն անցել է բոլոր սահմանները, բոլոր արժեքները. եթե հերոսի ծնողին հայհոյում են, մեր ազգը լռում է, ինչի՞ մասին է խոսքը»,-նշեց նա եւ հավելեց, որ պայքարի այլ տարբերակի մասին կխոսի մի քանի օրից:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հարգելի՛ հայրենակիցներ,
վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջեւ էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլեւս սպառված է։
Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի եւ թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։
Ազատությու՛ն տիկին Գայանեին։
Փաստաբաններ՝
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան
Վահան Գեւորգյան»։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առեւանգելու գործով դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ՓԱԹԵԹ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։