Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թերեւս դա պայմանավորված է նաեւ նրանով, որ վերջինս, լինելով պատմության մասնագետ եւ տարիներ շարունակ դասավանդելով Երեւանի տարբեր դպրոցներում, իր խոսքում հաճախ է հակահայկական հայտարարություններ անում:
Վերջերս, Ասլանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ճիշտ է համարում Հայաստանի՝ Ադրբեջանի անկախությունը ճանաչելը, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե այդ տարածքի մեջ է նաեւ Արցախը, Ասլանյանը պատասխանել է.
«Մենք կամաց-կամաց գնալու ենք Կոսովոյի նախադեպով: Սերբիայի տարածքային ամբողջականությունն էլ ճանաչվեց, բայց, ի վերջո, Կոսովոն ճանաչվեց որպես անկախ: Սերբիային ասացին, որ ճանաչում ենք, բայց կա ժողովրդի մի մաս, որ ինքնորոշվելու իրավունք ունի։ Միջազգային հանրության պահանջն է՝ մինչեւ չճանաչեք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրիշ հարց չի կարող մեջտեղ գալ: Բնական է, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից անմիջապես հետո միջազգային հանրությունը գիտի եւ ինքն էլ հասկանում է, որ պետք է նաեւ այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը դրվի»:
Իսկ ավելի վաղ Ասլանյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչու են Արցախի դրոշը խորհրդարանից հանում, պատասխանել է. «Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկե՛ք: Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»:
Հակոբ Ասլանյանի կողմից երբեմնի ամենահայտնի «պատմական թեզիսներից» է նաեւ 2022 թվականի ապրիլի 15-ին հարցազրույցի ընթացքում արված հայտարարությունը. «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»։ Նրա հնչեցրած այս արտահայտությանը բազմիցս անդրադարձել են մի շարք պատմաբաններ, լրագրողներ եւ այլ մասնագետներ:
Ուսումնասիրելով Հակոբ Ասլանյանի կենսագրությունը՝ հարց է առաջանում՝ ամբողջ կյանքում դպրոցներում պատմություն դասավանդած եւ սերունդներ կրթած անձնավորությունը ինչպես է նման կերպով արտահայտվում Արցախի եւ, առհասարակ, Հայաստանի մասին:
Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Ասլանյանի աշխատանքային կենասգրությունը.
1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։
1972-1974 թվականներին եւ 1977-1978 թվականներին եղել է Երեւանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։
1987-1994 թվականներին Երեւանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։
1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երեւանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երեւանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։
2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երեւանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցում։
2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։
2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։
2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ) ընտանեկան, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա, դիմումի հիման վրա, վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով` «Հայփոստի» միջոցով։
2023 թվականի հուլիսի 1-ից հետո այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի նպաստի վճարման եղանակը ծրագրային գործիքի կիրառմամբ դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
Քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որեւէ մեկը կարող է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկատվություն ստանալու՝ առաջացող հերթերից խուսափելու համար։
ՏԱՎՈՒՇԻ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում են անկլավները՝ Տավուշի գյուղերը եւ Տիգրանաշենը։ Այդ հայտարարության վերաբերյալ Նոքյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ասել է, որ Նոյեմբերյան համայնքում անկլավներ չկան, նոյեմբերյանցիներն ապրում են հայկական հողում։ Տավուշի մարզում նախկինում ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքներ կան, որոնք արդեն 30 տարի ավերակ վիճակում են։ Դրանք բոլորը ադրբեջանաբնակ փոքր գյուղեր են եղել՝ բացառությամբ Ներքին Ոսկեպարի (Աշաղի Ասքիպարա), որը միջին չափի գյուղ էր։ Այդ 7 գյուղերն են Բաղանիս-Այրում, Վերին Ոսկեպար (Յուխարի Ասքիպարա), Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասքիպարա), Խերմիլի, Ղզլհաջիլի, Բարխուդարլու, Սոֆուլու։ Այդ գյուղերից խորհրդային ժամանակ միայն 2-ն են եղել անկլավ՝ Բաղանիս-Այրումը եւ Վերին Ոսկեպարը (Յուխարի Ասքիպարա), որոնք կղզիների նման լինելով Խորհրդային Հայաստանի տարածքում՝ վարչականորեն պատկանել են Ադրբեջանի Ղազախի շրջանին, մնացած գյուղերը թիկունքով կպած են եղել Ադրբեջանին, 1990-ականների սկզբին տեղի ունեցած մարտերի արդյունքում այդ գյուղերի տարածքները հայտնվել են Հայաստանի զինուժի վերահսկողության տակ:
Այդ գյուղերի տարածքները հանձնելու դեպքում վտանգվելու է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց- Ոսկեպար- Բաղանիս հատվածով երթեւեկը, քանզի Խերմիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ոսկեպարը գտնվում են հենց այդ ճանապարհի եզրին։ Սոֆուլույի եւ Բարխուդարլույի տարածքների հանձնումով վտանգվելու է Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհով երթեւեկը։
Վերին Ոսկեպարի տարածքի հանձնումով ադրբեջանական զինուժը հայտնվելու է Լոռու մարզի թիկունքում. Լոռու մարզը դառնալու է սահմանամերձ, խոցելի։ Տարածքները հանձնելու դեպքում Ոսկեպարը որպես գյուղ չի կարողանալու գոյատեւել, քանզի բոլոր արոտավայրերը հանձնվելու են Ադրբեջանին, ոսկեպարցիներն էլ միայն անասնապահությամբ են զբաղվում։ Այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում վտանգվելու է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի կապը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հետ։ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հայտարարի, որ Տավուշի մարզի սահմանամերձ մոտ 10 հազար հեկտար հողատարածքներ արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, խոսում է անկլավները Ադրբեջանին պատկանելու մասին։ Խորհրդային ժամանակ Կոմունիստական կուսակցության շրջկոմի քարտուղարները, խորհրդային տնտեսությունների տնօրենները կաշառքով ադրբեջանցիներին հանձնել են Հայաստանի սահմանամերձ հողերը, անասնապահ, քոչվոր ադրբեջանցիները ժամանակի ընթացքում սեպի պես խրվել են Հայաստանի տարածքում, փոքր գյուղեր հիմնել, տներ կառուցել, այդպես են Հայաստանի հողում հիմնվել ադրբեջանական անկլավները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ