ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԱՆՆ՝ ԻՐ «ՍԱԼԵՄ» ՖԻԼՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը 2018 թվականի Կաննի քննադատների շաբաթին մեծ աղմուկ էր բարձրացրել Մարսելում իր դեբյուտային՝ «Շեհերազադե» գեղարվեստական ֆիլմով, որը պատմում է երիտասարդ մարմնավաճառի եւ նախկինում կալանավորված անչափահասի հարաբերությունների մասին, որը դառնում է նրա կավատը:

 

Մառլինն այս տարի վերադառնում է Կանն իր երկրորդ գեղարվեստական ֆիլմով՝ «Սալեմ»-ով, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Շեհերազադե»-ն, այնպես էլ այս ֆիլմը փաստագրական մոտեցմամբ ներկայացնում է Մարսելի տխրահռչակ, հանցագործ եւ աղքատ թաղամասերի իրականությունը, սակայն տարբերվում է նրանով, որ Մառլինը ֆանտազիայի մի շերտ է ավելացրել պատմությանը:

«Ես ոչինչ չեմ հորինում իմ ցուցադրածում, բայց միեւնույն ժամանակ այս ֆիլմը երեւակայության գործ է։ Դա երազային ու ֆանտաստիկ հատկանիշներով այլաբանություն է»,- ասել է նա։

Ֆիլմը Կոմորացի դեռահաս Ջիբրիլի մասին է, որը առնչվում է մրցակից տարածքում ապրող գնչուհի աղջկա հետ։ Երբ նա հղիանում է, Ջիբրիլը սկզբում խնդրում է նրան աբորտ անել՝ վախենալով, որ իրենց հարաբերությունները լարվածություն կբորբոքեն տեղական ավազակախմբերի միջեւ: Հետո նա ակամայից դառնում է ընկերոջ սպանության մեղսակիցը, որն անիծում է նրան նրա գրկում մահանալիս: Վնասվածքի ենթարկված Ջիբրիլը գալիս է այն եզրակացության, որ իր չծնված երեխան ունի բուժիչ ուժ, որը կփրկի իրեն եւ իր ողջ շրջակայքը սպասվող աղետից: Բանտում եւ հոգեբուժարաններում եւ այնտեղից դուրս նա վերամիավորվում է իր դստեր հետ՝ նրան եւս կլանելով իր կարողությունների մոլուցքով:

«Երեխան մտնում է հոր ներաշխարհ. դա փոխանցվում է նաեւ նրան: Փոխանցումը ֆիլմի առանցքային բառն է»,-ասում է Մառլինը:

Ռեժիսորն օգտագործել է իր մանկության փորձը դստեր վրա Ջիբրիլի ազդեցությունը նկարագրելու համար, բայց նաեւ նշել, որ այս պատմությունը հատում է իրականության եւ երեւակայության սահմանը: «Ես ուզում էի հանդիսատեսի մեջ կասկածի սերմ ցանել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է: Ես փնտրում էի այս երկիմաստությունը տարօրինակի եւ հրաշալիի միջեւ»:

«Գաղափարն այն էր, որ ֆիլմը մի քիչ նմանվի վավերագրության: Եթե անգամ այն շեղվեր դեպի ֆանտաստիկա, ես ուզում էի, որ այն հիմնված լիներ իրականության վրա,-ասել է հայկական ծագում ունեցող ռեժիսորը:- Մարսելը ներգաղթի քաղաք է։ Բոլորն էլ օտար ծագում ունեն, եւ մենք մեծանում ենք այս մշակութային բազմազանությամբ»:

Ինչպես «Շեհերազադե»-ում, այնպես էլ այս ֆիլմում ներառված է սիրողական դերասանական կազմ: Մառլինը 10 ամիս է ծախսել՝ ամբողջ Մարսելից հավաքագրելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների, իսկ հետո՝ եւս հինգ ամիս փորձեր արել եւ դերերը բաշխել նրանց միջեւ։

«Ես անմիջապես չկողմնորոշվեցի դերերի հարցում. սեմինարներ արեցի, որտեղ մենք ծանոթացանք միմյանց հետ եւ խաղացինք տարբեր տեսարաններ՝ տեսնելու, թե ովքեր կարող են մարմնավորել առանցքային հերոսներին: Սա եւ՛ համատեղ աշխատանք է, եւ՛ զուտ գեղարվեստական։ Հենց դա է ինձ հետաքրքրում ֆիլմում։ Դա ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը։ Այս հիբրիդային մոտեցման կիրառումը եղել է ֆիլմի գլխավոր նպատակներից մեկը»,- ասել է ռեժիսորը։

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՔՈԼԵՋԸ ՏՈՆԵՑ ՇԱՆՍՈՆՅԵԻ 99-ԱՄՅԱԿԸ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը մայիսի 22-ին մեծն շանսոնյեի 99-ամյակը նշեց գեղեցիկ համերգով: Քոլեջի սաները հետաքրքիր մեկնաբանություններով ներկայացրին Ազնավուրի երգերը, պատմեցին նրա կյանքի հիշարժան դրվագների մասին:

 

Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ընդգծեց՝ քոլեջի 700 սաներն ու 200 աշխատակիցները կարող են փաստել, որ այն օրվանից, երբ քոլեջը սկսեց կրել Շառլ Ազնավուրի անունը, այն վերելքներ է ապրում: «Այս դժվար ժամանակներում մենք լծված ենք երիտասարդներին ինքնաիրացվելու հնարավորություն տալու գործին: Հայերն աշխարհին այնպիսի մեծեր են տվել, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Շառլ Ազնավուրը եւ այլք: Վստահ եմ, որ տարիներ անց այս քոլեջից եւս մեծեր են դուրս գալու»,-նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ քոլեջին շատ են աջակցում Ազնավուրի ընտանիքն ու «Ազնավուր» հիմնադրամը: Նրանք ոչ միայն ֆինանսապես, տեխնիկապես, կրթական ծրագրերի առումով ներդրում ունեն քոլեջի զարգացման գործում, այլեւ նրանց նախաձեռնությամբ քոլեջում վարպետության դասեր, սաների հետ հանդիպումներ են անցկացնում մշակույթի գործիչներ, որոնք ճանաչում ունեն աշխարհում: Երբ նման մարդիկ գալիս են Հայաստան, հիմնադրամի շնորհիվ այցելում են նաեւ քոլեջ: Քոլեջը պատվոգիր եւ «Ազնավուր» կրծքանշան հանձնեց հիմնադրամին՝ իրենց սատարելու համար:

Պատվոգիր եւ քոլեջի ոսկե մեդալ տրվեց նաեւ Գագիկ Ծառուկյանին, որի ջանքերով քոլեջը ռոյալ է ձեռք բերել, ինչի կարիքը շատ է ունեցել: «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթեւիկ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ հիմնադրամը ստեղծվել է առաջին հերթին Ազնավուրի հումանիտար գործունեությունը շարունակելու համար՝ իրականացնելով սոցիալական եւ զարգացման ծրագրեր, այդ թվում՝ մշակույթի ու կրթության բնագավառում, սակայն Ազնավուրի արվեստի պահպանումն ու տարածումը եւս հիմնադրամի առաքելության կարեւոր մասն է:

«Հաջորդ տարի Ազնավուրի 100-ամյակն է, եւ հիմնադրամը մի շարք հետաքրքիր միջոցառումներ կիրականացնի Հայաստանում եւ Ֆրանսիայում, որոնց մասին դեռ կհայտնենք: Այս փուլում աշխատում ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների հետ, որպեսզի մշակենք հանրությանը հասանելի միջոցառումների փաթեթ»,- շեշտեց Սարգսյանը: Ըստ նրա՝ Ազնավուրն այնքան մեծ է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր Ազնավուրին՝ Ազնավուր երաժշտին, Ազնավուր դերասանին, Ազնավուր գրողին:

 

 

 

 

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Երաժշտական երկարատեւ դադարից հետո դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Մարինե Ալեսի «Միեւնույնն է, գարուն է» լիրիկական ստեղծագործությունը, որն ուղեկցվում է նույնքան հանդարտ ու պարզ տեսահոլովակով։ Այն նկարահանված է Երեւանում, իսկ ռեժիսորը Օլգա Մուրադյանն է։ Երգի գործիքավորումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը։ Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մայիսի 23-ին։

 

 

 

 

ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անգլիայի չեմպիոնի տիտղոսը երրորդ տարին անընդմեջ նվաճած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահեցրել է, որ հաջորդ մրցաշրջանում էլ կմնա պաշտոնում, թեեւ Անգլիայի Պրեմիեր լիգան ակումբի դեմ ներկայացրել է ֆինանսական արդար խաղի բազմաթիվ խախտումների վերաբերյալ մեղադրանքներ։

«Ես հաջորդ մրցաշրջանում էլ կմնամ «Մանչեսթեր Սիթիում»։ Ես չեմ մտածում ակումբից հեռանալու մասին։ Ես կմնամ այստեղ նույնիսկ հարյուրավոր խախտումների վերաբերյալ մեղադրանքների դեպքում։ Մի՛ անհանգստացեք, ես կլինեմ այստեղ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից՝ 5 անգամ հռչակվելով Անգլիայի չեմպիոն։

 

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն չի երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչեւ 2025թ. հունիս. հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Այդպիսի հնարավորություն կար գործող պայմանագրով։ Հաջորդ ամռանը Մբապեն կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա անվճար հեռանալ ՊՍԺ-ից։ Այդուամենայնիվ, ՊՍԺ-ն մտադիր չէ այս ամռանը վաճառել Մբապեի տրանսֆերը։ Հաջորդ տարի կողմերը կբանակցեն նոր պայմանագրի շուրջ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել է 40 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

 

 

 

55 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին, որը մանչեսթերյան թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի առաջնահերթությունն է կազմի ուժեղացման ուղղությամբ։ Բանակցությունները կսկսվեն հունիսին։ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի հավաքականի 24-ամյա խաղացողի համար կառաջարկի 55 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Չելսին» Մաունթի տրանսֆերից ակնկալում է 85 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։




Լրահոս