ՀԱՄԵՄԱՏԵԼԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՂՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գուրգեն Արսենյանը, երեկ լրագրողների հետ զրույցում անրադառնալով ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը, ասաց. «Որպես Գուրգեն Արսենյան՝ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որը հարեւան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը»:

 

Հարցին՝ անտեսվելու է արդյոք արցախցիների կարծիքը, քանի որ իրենք իրենց ապագան Ադրբեջանի կազմում չեն տեսնում, Արսենյանը պատասխանեց. «Ես՝ որպես ՀՀ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերի սպասարկմամբ. դա համար մեկ խնդիրն է, որի համար մենք գործում ենք։ Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության եւ կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են։ ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը»։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ Արցախում հայեր չեն ապրում արդյոք, ՔՊ պատգամավորը նշեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ։ Պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի շահերի սպասարկումն է։ Բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքն ու սիրտը սկսում է հակասել իրար։ Երբեմն ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին»:

Արսենյանի այս հայտարարությանը «Արմլուր»-ի հետ զրույցում անրադարձել է Արցախի նախկին արտգործնախարար եւ Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի համար հնարավորությունների խնդիր չէ, այլ ցանկության:

«Այդ պատգամավորը ինչ ասում է, պարզապես սարսափելի է: Սա որեւէ առնչություն չունի Հայաստանի հնարավորությունների հետ. սա անմիջապես ածանցյալ է նրա ներքին զգացմունքներին Արցախի հանդեպ: Այստեղ բացարձակ հնարավորությունների խնդիր չկա, բոլոր հնարավորություններն էլ կան Արցախի կողքին լինելու: Արցախը Գլենդելը չէ, Գլենդելում հայությանը կոտորած չի սպասվում, մնացած տեղերում էլ չի սպասվում: Թող այդ ցնդաբանությունները մի կողմ դնեն, որովհետեւ Գլենդելում, Մոսկվայում, Փարիզում եւ այլուր հայերը ցեղասպանության առաջ չեն կանգնած:

Արցախի ցեղասպանության տակ ստորագրում է նաեւ այդ Գուրգեն Արսենյան կոչեցյալը, որը 100%-ով պատրաստ է Արցախը հանձնել նույնիսկ մինչեւ այդ գործընթացը սկսելը:

Արցախը անմիջապես հայոց պետականության, ընդհանուր հայրենիքի մի մասն է: Արցախը կորցնելուց հետո Հայաստանն է կորչելու, եւ թող Արսենյանները, ովքեր չեն հասկանում կամ միտումնավոր են դա անում, չփորձեն մարդկանց ուշադրությունը շեղել գլենդելներով ու բեյրութներով: Եթե որեւէ մեկը արցախատյաց է, ինչպես Արսենյանը, այդ մարդը կյանքում չի պայքարի Արցախի համար, չի պայքարելու նաեւ Գորիսի համար: Եթե դու չես ուզում մի բան անել, չի նշանակում՝ չես կարող»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը՝ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը բերելու է միայն արցախահայության ցեղասպանության. «Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա հայ ազգի ինքնորոշման հարցն է: Ի վերջո, այդ ազգը գոյություն ունի թե ոչ, եւ ովքեր են այդ հայերը՝ Արսենյաննե՞րը, թե՞ Եռաբլուրում հանգչողները: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այս ժողովրդի հետ, կերպարանափոխվել են, մուտացիայի են ենթարկվել: Թող ոչ մեկը կասկած չունենա, որ եթե նման քայլերով, նման մոտեցմամբ իր սեփական ժողովրդի մի հատված տանում է մատաղացու դարձնելու, լավ չի լինելու բոլորի համար:

Ես չեմ հասկանում, ժողովրդին ապուշի տե՞ղ են դնում, թե՞ ժողովուրդը ուզում է այդպիսի բաներ լսել: Մենք ինքնորոշվել ենք 1988 թվականին եւ միասին ենք ինքնորոշվել, ու եթե չլիներ Արցախյան ազգային ազատագրական շարժումը, անկախ Հայաստան էլ չէր լինի: Եթե Արցախից հրաժարվում են, դա իրենցից կտրում շպրտում են, պարզ է՝ ինչ հետեւանքներ է ունենալու: Ես չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, այդ Արսենյանները որտեղ կլինեն, բայց հիմա Արցախը Գլենդելի հետ համեմատելը ուղղակի ժողովրդին ծաղրելն է, էշի տեղ դնելն է եւ այդ ատելությունը Արցախի հանդեպ չզսպելու կարողությունն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՊՀ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաեւ վերջիններիս կաշառք տված 5 անձինք:

 

Այսպիսով, խոսքը ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանի եւ այլ անձանց մասին է, որոնք, օրինակ, 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց, որպես կաշառք պահանջել եւ ստացել են տարբեր չափի գումարներ:

Ֆակուլտետի դեկանի հետ կապված սա միակ ուշագրավ դրվագը չէ. հեղափոխությունից հետո դեկան Հայկ Սարգսյանը բավականին ակտիվ է եղել, անգամ ինքն է 2019 թվականին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Սարգսյանը դեկանի պաշտոնում նշանակվել է 2000 թվականին: Եվ չնայած հեղափոխությունից հետո Սարգսյանը դրական է արտահայտվել Փաշինյանի իշխանության հասցեին, անգամ տնտեսական հեղափոխությունն իրողություն համարել, սակայն նաեւ եղել են դեպքեր, երբ, որպես ԵՊՀ դեկան, նաեւ դեմ դիրքորոշմամբ է հանդես եկել:

Ի վերջո, ինչո՞ւ երկարամյա դեկանին հիշեցին հենց հիմա: Հարց է առաջանում, թե դեկան Հայկ Սարգսյանը, վերցնելով այդ գումարները, ինչ էր արդյոք դա անում, եւ արդյոք այդ գործունեության մասին տեղյակ է եղել նաեւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իսկապես կարեւոր են: ArmLur.am-ը երեկվանից փորձում էր այս հարցերի պատասխանները ստանալ ԵՊՀ ռեկտորից, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԵՐԺՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ

Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում՝ մերժելով արդարադատությունը, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավոր Դանիելյանից հրապարակավ թիվ մեկ ամբիոնից բացատրություն պահանջեց իրեն անհիմն ու ապօրինի կալանավորելու համար, դատավորի հեղինակությունն իր ամբարտավանությամբ փորձեց պաշտպանել տխրահռչակ Հովիկ Աղազարյանը, սակայն երեկ կայացած դատավորի քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Դանիելյանի կերպարը անգամ ՔՊ-ում է մերժելի:

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունների սրտից բխող կալանքներ տված դատավոր

Արմեն Դանիելյանին խորհրդարանում չօգնեցին իր կայացրած որոշումները. նա չընտրվեց նոր ստեղծված Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Երեկ ընտրվեց Ելիզավետա Դանիելյանը. նրա օգտին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր։

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ իրենց համայնքներում եւս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։

Ինչու՞ հենց Ֆրանսիայում. Ֆրանսիան այն առաջին եւ բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը եւ բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարեւորագույն այդ հարցի մասին բնավ չէր խոսում։

Ֆրանսիայում իրականացվող ստորագրահավաքին, ցավոք սրտի, կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն եւ Հայաստանում ընտրելու-ընտրվելու իրավունք ունեցող մարդիկ. նպատակն այն է, որ այս կարեւոր գործընթացի մասնակիցը դառնան հենց Հայաստանի ընտրողները։

Ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ կիրակի օրը Փարիզի Իսի լե Մուլինո (Issy-les-Moulineaux) համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Հ.Գ. Ֆրանսիայում ապրող մեր բոլոր հայրենակիցները կարող են կապ հաստատել ինձ հետ տեղի եւ ժամի հետ կապված տեղեկատվություն ստանալու համար»։




Լրահոս