ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՌԱՋԱՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնի հետ։

 

Անդրադառնալով Բրյուսելում Շառլ Միշելի հյուրընկալությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով հնչեցված հայտարարություններին՝ գործընկերներիս ներկայացրի ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս համատեքստում ահազանգեցի, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի որեւէ փաստաթուղթ, որով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանալու։

Պարոն Սվենսոնին տեղեկացրի, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300.000 ստորագրություն։

Խոսելով Սոթքում առկա իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական գործողությունների մասին, որի պայմաններում Սոթքի հանքի մոտ 800 աշխատակիցներ չէին կարողանում աշխատանքի գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում բոլորովին այլ թեմաների մասին, գործընկերոջս ներկայացրի, որ անթուլատրելի էր այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում էին ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։

Այս պայմաններում հրատապ խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով որոշել էի, ի նշան բողոքի, իրականացնել քաղաքական ակցիա, չիջնել ամբիոնից, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում, սակայն ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցներն ինձ բռնի ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից։

Դեսպանին ներկայացրի նաեւ մեր հանձնաժողովի արտահերթ նիստի մանրամասները, այդ թվում նաեւ պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը ՄԻՊ-ի՝ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի հասցեին, ինչպես, օրինակ, «Լեզուդ կկտրեմ», «Ականջդ կկտրեմ»։

Ահազանգեցի նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից քաղաքացուն՝ կնոջն ուղղված հայհոյանքի մասին, եւ նշեցի, որ այս անթույլատրելի վարքագիծը դրսեւորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է «ժողովրդավարության բաստիոն»։

Իր խոսքում դեսպանը շնորհակալություն հայտնեց նշված ահազանգերն իրեն հասցնելու համար եւ հավաստիացրեց, որ ընդունել է այդ հաղորդագրություններն՝ ի գիտություն, կփոխանցի դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իր գործընկերներին, որպեսզի նրանք ինկորպորացնեն համապատասխան գործողությունները Շվեդիայի կողմից հովանավորվող ծրագրում, որն իրականացվում է խորհրդարանում։

Պարոն Սվենսոնը նաեւ արտահայտեց իր մտահոգությունները նման միջադեպերի վերաբերյալ առհասարակ եւ ընդգծեց խորհրդարանում վարքագծի կանոնների մշակման եւ պահպանման կարեւորությունը։

 

 

 

 

ՇԱՀԱՎԵՏ ՊԱՇՏՈՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը նոր պաշտոն է ստացել, քանի որ նրա որդին եւ Աշոտ Փաշինյանը սովորել են նույն դասարանում:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը հենց նույն ժամանակահատվածում ձեռք է բերել երկու մեծ եւ ընդարձակ բնակարան:

ArmLur.am-ն այս առնչությամբ կապ հաստատեց վերջինիս հետ. նա, լսելով մեր հարցադրումները, զայրացած նշեց. «Դրանք բոլորը ստեր են, եւ պարզելը շատ հեշտ է: Այսուհետ ինձ հետ կապ չհաստատեք, ճիշտ հասցեով չեք զանգել: Աշոտ Փաշինյանն իմ որդու հետ բացարձակ կապ չունի: Իմ տղան սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում»:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք բնակարաններ այս ընթացքում ձեռք չի բերել, մեր զրուցակիցը վրդովված անջատեց հեռախոսը:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանն այդ պաշտոնին է նշանակվել առանց գիտական աստիճան ունենալու:

Տեղեկությունը պարզաբանելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Անժելա Նուշիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:

«Գիտական աստիճան, այո՛, ես չունեմ, եւ ես հիմա ռեկտորի պարտականությունները կատարող եմ»,-նշեց մեր զրուցակիցը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԵՎՈՐ Է

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ-ի համատեղ օպերատիվ-մարտական գործունեությանը հայկական կողմի մասնակցության կարեւորության մասին։

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ եւ ամեն ինչ անելու ենք Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։

Միեւնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարեւորությունը ՀԱՊԿ-ում օպերատիվ եւ մարտական պատրաստության վերաբերյալ համատեղ աշխատանքին»,- ասել է Շոյգուն կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած հանդիպմանը:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ քրեակատարողական համակարգում փոփոխություններ կկատարվեն։ Մասնավորապես, նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։ Բանն այն է, որ ներկայումս Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի Քրեակատարողական ծառայությունը, տվյալ դեպքում՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը։

Ըստ այդմ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ հակասությունը վերացնելու եւ քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված կառուցվածքային փոփոխությունը, որի արդյունքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ եւ բաժանմունքներ։

Բացի այդ, օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի եւ ուսուցման համապատասխան ընթացակարգեր։ Նախագիծը ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի օրակարգում, ընդունվելուց հետո այն կուղարկվի խորհրդարան։

 

 

 

 

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները պարբերական վերապատրաստում պետք է անցնեն: Մասնավորապես, այդպիսի կանոնակարգում է նախատեսվելու ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով: Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների պարբերական վերապատրաստման եւ որակավորման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն, իսկ դա պետք է իրականացվի ԵՄ օրենսդրության պահանջներին ներդաշնակեցնելու համար: Այսպիսով, սահմանվելու է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնեն եւ մասնագիտական որակավորում ստանան: Հավելենք, որ խոսքը վերաբերում է ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդներին:

 

 




Լրահոս