«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր երեկվա՝ մայիսի 25-ի նիստում որոշեց 19,9 մլն դրամ հատկացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի ներքո ձեւավորված պարտավորությունները կատարելու համար վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ վճարումներն իրականացնելու համար:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրով  նախատեսվում է 14,6 մլն եվրո գումար տրամադրել Հայաստանի Հանրապետությանը համաձայնագրով սահմանված ծրագրի իրագործման համար:

Հարկ է նշել, որ ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման եւ քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի եւ մայթեզրերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության եւ գործողությունների պլանի մշակում:

Ծրագրի իրականացման արդյունքում Ա եւ Բ Տրանշներով արդեն իսկ հիմնանորոգվել է 34 փողոց եւ 3 հրապարակ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից: Վարկը բաղկացած է 3 մասնաբաժիններից՝ Տրանշ Ա եւ Տրանշ Բ՝ յուրաքանչյուրը՝ 5.3 մլն եվրո, Տրանշ Գ՝ 4 մլն եվրո:

Հարկ է նշել, որ վարկային միջոցների տրանշներին համապատասխան դրամաշնորհային միջոցները եւս տրամադրվելու են երեք տրանշներով (Տրանշ Ա-ի եւ Տրանշ Բ-ի համար՝ 2,650,000 – ական եվրո, Տրանշ Գ-ի համար` 2,000,000 եվրո):

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության հետ 2020թ.-ին կնքված պայմանագերի համաձայն վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված եւ այս տարի կատարված ԱԱՀ վճարումներից հետո 12017 եւ 12018 միջոցառումների համար նախատեսված 2023թ.-ի պետական բյուջեով նախատեսված  համաֆինանսավորման գումարները սպառվել են։

Այժմ պայմանագրի ներքո վճարված կանխավճարի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ վճարման նպատակով անհրաժեշտ են 19,935.6 հազար դրամ վարկային եւ դրամաշնորհային պետական համաֆինանսավորման միջոցներ, հետեւաբար այս նախգծով առաջարկվում է 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից  19,935.6 հազար դրամ գումարը վերաբաշխել:

 

 




Լրահոս