ԱՆԻ ՔՈՉԱՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, հեղինակ Անի Քոչարը սպասում է իր երկրորդ բալիկին. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Անին:

«Լուրը հայտնելու օրը պատահական ընտրված չէ. ցանկանում եմ ինձ համար փոխել այս օրվա երբեմնի տխուր եւ մռայլ խորհուրդը:

25.05.2018 թվական… Սարսափ երազի էր նման: Հինգ տարի առաջ՝ այս օրը, կյանքս գլխիվայր շրջվեց: 25.05.2018թ. սարսափ երազի էր նման: Այդ օրը կյանքս բաժանվեց «մինչ եւ հետո»-ի՝ մինչեւ չարաբաստիկ ախտորոշումը (AML) եւ դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է, սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար:

Կյանքը հավերժական տոն չէ, բայց եւ որեւէ պարագայում հանձնվել չկա: Իմ կյանքում նոր լուսավոր էջ եմ բացել եւ ցանկանում եմ մոռանալ 25.05.2018-ը: 2-րդ գիրքս հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչեւ ինձ համար բաղձալի լուրը լսելը: Ինձ համար անսահման կարեւոր էր, որ գիրքն այնպիսի մի հրաշք լուսավոր կետ պարունակի իրենում, որ կրկին ոչ թե բառերով, այլ հենց կենդանի օրինակով կյանքեր ու սրտեր փոխի, կարծրատիպեր ու նախապաշարումներ փշրի: Ողջ փառքը Տիրոջը»,-Անին այս մասին գրել է իր սոցիալական էջում: Հիշեցնենք, որ երկար տարիներ Անի Քոչարը պայքարել է չարաբաստիկ քաղցկեղի դեմ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ice Cube-Ի ԿԱՐԾԻՔԸ

Հետեւելով գրողներին, լուսանկարիչներին եւ նկարիչներին՝ երաժիշտներն ու երգիչները եւս սկսեցին խոսել արհեստական բանականության դեմ:

Վերջերս BBC-ին տված հարցազրույցում Սթինգը հայտարարել էր, որ «ճակատամարտ» է ընթանում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երգերի հանրաճանաչության աճից իրենց ստեղծագործությունները պաշտպանելու համար։ Ամերիկացի ռեփեր Ice Cube-ը եւս այն արտիստներից է, որն իր կարծիքն է հայտնել արհեստական բանականությամբ ստեղծված երգերի վերաբերյալ: Full Send-ին տված հարցազրույցում Ice Cube-ը բացատրել է արհեստական ինտելեկտի ստեղծած երգերի հանդեպ իր արհամարհանքը՝ հայտարարելով, որ պատրաստ է դատի տալ բոլորին, որոնք օգտագործում են իր երգերը դրա միջոցով։

Հարցին, թե ինչ է նա մտածում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված եւ վերջերս վիրուսային տարածում գտած  Heart On My Sleeve թրեքի մասին, որը նմանակում է Տորոնտոյի արտիստներին՝ Դրեյքին եւ The Weeknd-ին, Ice Cube-ը պատասխանել է, որ այդպիսի երգերը «դիվային» է համարում: «Ես չեմ ուզում լսել Դրեյքի երգը, որը ստեղծված է արհեստական բանականությամբ: Ես չեմ ուզում լսել այս անհեթեթությունը: Նա պետք է դատի տա նրան, ով սա  արել է»:

Cube-ը պնդել է, որ ցանկացած ոք, որը կօգտագործի արհեստական բանականության կողմից ստեղծված իր ձայնը, կկանգնի իրավական պատասխանատվության առաջ: «Ես դատի կտամ դա արած անպիտանին, մարդկանց ու հարթակին. ոչ ոք չի կարող վերցնել ձեր ձայնը եւ շահարկել այն առանց վճարելու… Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը դեւ է, եւ կարծում եմ, որ այն կառաջացնի օրգանական մարդկանց բացասական արձագանքը»:

 

 

 

 

«ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ»

Ռեժիսոր Լուիզ Ուորենի շնորհիվ Մոխրոտի մասին հեքիաթը կդառնա սարսափ ֆիլմ։

Նա մտադիր է արտադրել եւ բեմադրել «Մոխրոտի անեծքը» սարսափ ֆիլմը՝ հիմնված հայտնի հեքիաթի վրա, որը արդիականացվել էր երեխաների համար 1950 թվականի «Դիսնեյի» տարբերակով: Սյուժեի մանրամասները դեռեւս հայտնի չեն, սակայն հաստատվել է, որ սցենարը գրել է Հարի Բոքսլին, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Քելի Ռայան Սանսոնը, Քրիսի Վուննան եւ Դենիել Սքոթը: Նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս Մեծ Բրիտանիայում:

«Սա Մոխրոտի աներեւակայելի եզակի տարբերակն է, որը մենք բոլորս սիրում ենք եւ գիտենք: Մի քանի հերոսներ կմահանան նրա ձեռքով»,- Bloody Disgusting-ին ասել է Ուորենը: «Կարծում եմ՝ սարսափի սիրահարները կվայելեն իմ մութ վերապատումը»։

«Մոխրոտի անեծքի» մասին հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Dolphin Medien-ը եւ Red Shadow Studios-ը հայտարարեցին Վինի Թուխի եւ Փիթեր Պենի վրա հիմնված երկու սարսափ ֆիլմերի թողարկումների մասին, որոնք կոչվում են «Վինի Թուխ. մահվան տունը» եւ «Փիթեր Պենը գնում է դժոխք»:




Լրահոս