Առանձնապես որեւէ կարեւոր գործով չզբաղված, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա տարեկան 2-3 մլրդ գումար է ծախսվում (աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), հիմա էլ որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի հետ եւ բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկել: «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ…, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք (չասեմ՝ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր) պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»: Ինչպես ֆիքսեցինք, Վահագն Խաչատուրյանը ներկայանում է այնպես, կարծես Հայաստանին պատերազմն է ձեռնտու, այլ ոչ թե խաղաղությունը: Եվ սա նաեւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն ու հայտարարություններին հակադրվող են, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոսել խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մասին: Ստացվում է՝ ըստ Խաչատուրյանի՝ Հայաստանն է պատերազմ սկսողը եղել եւ ձգտել է այդպես կարգավորել հարցերը, այլ ոչ թե բանակցությունների միջոցով:
Իրականում Ադրբեջանը սկսեց ագրեսիան, եւ դա վաղուց հատատված իրողություն է:
Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները խորհրդարանում կլինեն: Ազգային ժողովի համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը: Այսպիսով, երկուշաբթի օրը խորհրդարան են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բնականաբար, անդրադարձ է կատարվելու նաեւ պետական պարտքին: Ըստ այդմ, ՀՀ պետական պարտքում 2,536.7 մլրդ դրամը (6,445.4 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,650.0 մլրդ դրամը (4,192.3 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, ընդ որում՝ կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 46.7%-ը: Իսկ, ահա, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 412.5 մլրդ դրամով (33.3%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 39.4%-ի:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների քննարկման թիրախում: Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր: Բանն այն է, որ Թորոսյանը ԱԺ-ում երբեմն ընդդիմադիրների նման թունդ ելույթներ է ունենում, սուր քննադատում սեփական թիմակիցներին: Օրինակ՝ չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, հիմնական զեկուցողը պետք է լիներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն նա չէր եկել ԱԺ, քանի որ գործուղման էր, ուստի հարցը զեկուցեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը։ Արսեն Թորոսյանը բավականին սուր արձագանքեց սրան՝ կոչ անելով Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ: ՔՊ-ականները տեւական ժամանակ է՝ քննարկում են՝ ինչու է Թորոսյանն իրեն ագրեսիվ պահում, ինչու է իրեն թիմում ընդդիմադիրի նման դրսեւորում, հաճախ առանձին զրույցների ժամանակ էլ է թիմակիցներին հակադարձում, փորձում քննադատել նրանց: Մի մասը նշում է, որ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններով, մի մասն էլ կարծում է, որ Թորոսյանը չի մարսում իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցած վերջին բացահայտումները: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ այս դեպքում գործընթացին դեռ stop է տրված, բայց չի բացառվում, որ առաջիկայում կրկին օրակարգ գա Թորոսյանին կալանավորելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Դատախազությունը օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա.Փ-ին։ Պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռք բերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ): Այնուհետեւ՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռք բերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) եւ 824 հազար 498 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար. հարուցվել է քրեական վարույթ։ Եվ, ահա, Ա.Փ-ն, ոչ ավել, ոչ պակաս, 2012 թվականին բանակին գոմեշի միս մատակարարելու եւ մեծ վնաս հասցնելու համար պաշտոնից ազատված, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանն է, որին հիմա կրկին հիշել են իրավապահները։