
Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնեց, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը կասեցվել է եւ նշանակվել է ռազմագիտական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի եւ մինչեւ մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը դատարան ուղարկի:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով էլ նշվում է, թե հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան