Վարորդը վտանգավոր կառավարում է իրականացրել․ Սյունիքում աշակերտներ և ուսուցիչներ տեղափոխող ավտոբուսի գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում  ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի  10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, նշված բնակավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։ Ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ  և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Դրա  հետևանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ ուսուցչուհին, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղևորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդի առողջությանը ևս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա  75-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

 




Լրահոս