ArmLur.am-ի խմբագրությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում ծնողների կողմից քութեշ և ջրծաղիկ վարակային հիվանդություններով պայմանավորված: Ահազանգի հետքերով ArmLur.am-ը զրուցել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը մեզ հետ զրույցում խոսել է ջրծաղիկ, քութեշ եւ նման այլ հիվանդությունների բռնկման պատճառնների եւ կանխարգելման մասին։
«Մենք ջրծաղիկի բռնկման մշտական դեպքեր ունենք, եւ ուշագրավն այն է, որ հիմա այն ակտիվացել է սեզոնից դուրս, քանի որ սովորաբար այն տարածվում է ձմռան ամիսներին: Սա ավելի շատ հետեւանք է այն բանի, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ մենք ունեցել ենք բավականին հանգիստ իրավիճակ եւ իրար հաջորդող բռնկումները հենց դրա հետեւանքն են: Ջրծաղիկը, ցավոք սրտի, Հայաստանում կառավարելի վարակների դաշտում չէ, այսինքն մենք չունենք պատվաստանյութ ջրծաղիկի դեմ, դրա համար մնում ենք բնական ճանապարհով ձեռք բերելուն: Այն մանկական տարիքի հիվանդություն է, որը 3000 վարակվածի դեպքում է պահանջում հոսպիտալացում»,-մանրամասնեց համաճարակաբանը:
Իսկ ինչ վերաբերվում է քութեշ վարակային հիվանդությանը, մեր զրուցակիցը նշեց, որ այն արտահայտվում է բարձր ջերմության, ցանավորման, բերանի խոռոչի կարմրությամբ:
«Այն նույնպես տարածված է երեխաների շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քութեշի ակտիվացման վերելք կա: Հատկանշական է, որ այս հիվանդությունը նույնպես պատվաստանյութ չունի կանխարգելման համար: Այն տարածվում է երեխաների հետ միմյանց հետ շփման միջոցով: Կանխարգելման միակ տարբերակը, որ երեխան չհաճախի մանկապարտեզ»,-հավելեց համաճարակաբանը:
Լիդա Եղիազարյան