ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի հետ՝ մի քանի հարց պարզաբանելու համար:
– Տիկի՛ն Ստեփանյան, ճի՞շտ է, որ Դուք նախկին ռեկտորի հետ Սանկտ Պետերբուրգում մասնակցել եք միջազգային կոնֆերանսի եւ վերադառնալուց հետո եք իմացել ռեկտորի դեմ հայտարարված քրեական հետապնդման մասին։
-Մենք մեկնել ենք միջազգային գիտական կոնգրեսին, որը միավորել է ֆիզկուլտուրայի բուհերի ներկայացուցիչներին ապրիլի 25-29-ը, որտեղ պարոն Խիթարյանը հրավիրված է եղել որպես զեկուցող, ես հրավիրված եմ եղել որպես նստաշրջանի վարող՝ համանախագահող եւ գիտական զեկուցող: Հրավերը եղել է պաշտոնական, եւ հրավիրող կողմը հոգացել է ֆինանսական ծախսերի մի մասը: Մեկնելուց առաջ եւ ընթացքում ընդհանրապես ոչ մի տեղեկություն չենք ունեցել քրեական գործի վերաբերյալ: Խոսեմ իմ անունից. ես քրեական գործի մասին տեղեկացել եմ ամսի 2-ին, քանի որ վերադարձել ենք ամսի 29-ին, եղել է շաբաթ օր, մայիսի 1-ը աշխատանքային չի եղել: Ամսի 2-ին եկել ենք աշխատանքի, եւ եթե չեմ սխալվում, հենց «Ժողովուրդ» օրաթերթում էր գրված, որ դիմել են հստակեցնելու՝ կա արդյոք գործ, թե չկա: Մինչեւ օրվա վերջ տեղեկացել ենք, որ կա քրեական գործ:
– Իսկ այն տեղեկությունը, որ նախկին ռեկտորը, արդեն զրկված լինելով իր լիազորություններից, օրենքի խախտումով վարել է ձեր բուհի գիտական խորհրդի նիստը, եւ այդ նիստի ընթացքում դիմել է մանիպուլյացիայի՝ Ձեզ ներկայացնելով որպես ռեկտորի պարտականությունները կատարողի միակ թեկնածու, որպեսզի հատկապես Դուք ընտրվեք ռեկտորի պարտականությունները կատարող, համապատասխանու՞մ է իրականությանը։
-Տեղեկությունը մի փոքր խեղաթյուրված է: Երբ պարոն Խիթարյանի լիազորությունները կասեցվել են, ինքը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Գիտխորհուրդ չի հրավիրել. հրավիրվել է Գիտխորհրդի անդամ դասախոսական կազմը, եւ պարոն Խիթարյանը հայտարարել է, որ իր լիազորությունները դադարեցվում են, եւ այսօր կամ վաղը կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ կորոշվի, թե ով է լինելու ռեկտորի պարտականությունները կատարող, մինչեւ լուծում կտրվի այդ հարցին:
-Այսինքն՝ դա Գիտական խորհրդի նիստ չէ՞ր համարվում:
-Ո՛չ, դա Գիտական խորհրդի նիստ չի համարվում: Պարոն Խիթարյանը այդ հայտարարությունը անելուց հետո Գիտխորհրդի դահլիճից դուրս է եկել, եւ Գիտխորհրդի ամենամեծ անդամներից մեկը առաջարկություն է արել, որ իրեն տան Գիտխորհրդի կարգավիճակ, եւ հրավիրել են Գիտխորհրդի արձանագրությունները կազմող քարտուղարին, արդեն՝ առանց պարոն Խիթարյանի, որպեսզի բուհը իր առաջարկությունները ներկայացնի հոգաբարձուների խորհրդին, թե ում են տեսնում որպես լիազորությունները իրականացնող այնքան ժամանակ, մինչեւ կկարգավորվի այդ պրոցեսը:
-Դո՞ւք էիք շարունակելու պաշտոնավարել, այդպե՞ս էր որոշված Խիթարյանի կողմից:
-Խիթարյանի կողմից ոչինչ որոշված չէր: Առաջարկությունը եղել է Գիտխորհրդի ամենաավագ անդամներից մեկի կողմից, անգամ կարող եմ անուն նշել. առաջարկել է իմ թեկնածությունը՝ հիմնավորելով, որ բուհի գործող 3 պրոռեկտորից միայն իմ թեկնածությունն է համապատասխանում ռեկտորի պարտականությունները կատարողին: Առաջին ու ամենակարեւոր գործոնը իմ ընտրության եղել է դա: Երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր գործոնը եղել է այն, որ բուհի մեծ մասը՝ ուսումնագիտականը, գտնվում է իմ վերահսկողության ներքո, եւ ես եմ վերահսկում բոլոր բաժինները, եւ այս տարիների ընթացքում տեսանելի առաջընթաց է գրանցվել, առաջ է եկել վստահություն իմ՝ որպես ուսումնագիտական գծով պրոռեկտորի շուրջ: Գիտխորհուրդը (24 հոգի էին այդ օրը ներկա եղել), այդ թվում՝ Նուշիկյանը, քվեարկել են իմ օգտին:
– Իսկ այն տեղեկությունը, որ ռեկտորի պարտականությունները մյուս պրոռեկտորի վրա դնելուց հետո Ձեր ամուսինը եւ Ձեր եղբայրը «հաշիվ են պահանջել» նախկին ռեկտորից «խոստումը չկատարելու համար», համապատասխանո՞ւմ է իրականությանը։
-Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսքան տարիների ընթացքում ո՛չ ամուսինս, ո՛չ եղբայրս, ո՛չ տղաներս եւ, առհասարակ, ոչ մեկ չի խառնվել իմ աշխատանքին, եւ վերջապես իմ հարցը չի եղել, կամ այնպիսի հարց չի եղել, որին ինչ-որ մեկը պիտի խառնվեր:
– Եվ վերջին հարցը՝ ճի՞շտ է, որ Ձեր ամուսնուն հեռացրել են աշխատանքից կոռուպցիոն սխեմաների մասնակցելու համար։
– Ոչ, ինֆորմացիան սխալ է: Եկե՛ք ես այդ հարցին չպատասխանեմ, քանի որ ամուսնուս գործունեությունը կապ չունի իմի հետ:
Լիդա Եղիազարյան