
Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ հանրահավաքը: Ելույթով հանդես եկան Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը հանրահավաքի ներկաներին տեղեկացրեց, որ իշխանությունը փակել է մարզերից Երևան հասնող ճանապարհները, բայց դա միևնույն է չի խանգարի, որ ազատ մարդը գա ու մասնակցի այս հանրահավքին: Նա ներողություն խնդրեց մարտի մեկին զոհվածների հարազատներից, որ առ այսօր ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ, չի կարողացել հասնել նրան, որ պատժվեն մարտի մեկի մեղավորները: Արամ Մանուկյանը առաջարկեց ծափահարել զոհվածներին իրենց քաղաքացիական պարտքը 2008թ. մարտի մեկին հայտնելու համար:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ընթերցեց մարտի մեկին զոհված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Խաչատրյանի` Բելգիայից ուղարկված նամակը: Զոհվածի ծնողը նամակում հույս է հայտնում, որ վաղ թե ուշ մեղավորները և Սերժ Սարգսյանը կկանգնեն դատարանի առաջ:
Իսկ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ իր ելույթում ներկայացրեց երկրում առկա խնդիրների` սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, արտագաղթի, կենսաթոշակային նոր համակարգի մասին, որին դեմ է հասարակության մեծամասնությունը: Ըստ նրա` այս բարեփոխման միջոցով իշխանությունը ցանկանում է շտապ ու արագ կարգով փող հավաքել, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ գրպանահատություն: Նախկին քաղաքապետի խոսքով ընտրությունների միջոցով երկրում պետք է ձևավորել իշխանություն: