ՄԱՀԱԶԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին սոցիալական ցանցերում տարածվեց գրականագետ Հովիկ Չարխչյանի հնչեցրած ահազանգն այն մասին, որ անհայտ վանդալների կողմից պղծվել է Չարենցի գերեզմանը: Ինչպես հայտնի է, մինչ օրս վերջնականապես հստակեցված չէ, թե որտեղ են թաղված հանճարի մասունքները: Այդ կապակցությամբ տարիներ շարունակ չարենցագետներն առաջ են քաշել տարբեր վարկածներ: Եւ միայն վերջին տարիներին Եղիշե Չարենցի ժամանակակիցների եւ նրա հետ բանտարկված որոշ մարդկանց պատմածների հիման վրա առաջ եկավ նոր վարկած, ըստ որի` Չարենցի մարմինը, այն էլ առանց գլխի, ամփոփված է Երեւանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում` Հրազդանի կիրճի եզրին: Եւ ահա, Չարենցի գերեզման ասելով` գրականագետ Հովիկ Չարխչյանը նկատի է ունեցել հենց այս վայրը: Ու թեեւ փորձաքննական ներկայիս տեխնոլոգիաների ժամանակաշրջանում առանձնապես դժվար չէր հետազոտել տվյալ տեղում ամփոփված աճյունը եւ տալ անվիճարկելի եզրակացություն, այդ հարցի հստակ պատասխանը մինչ օրս չկա: Փաստորեն, մշակույթի նախարարությանը, մեր գրականագետներին, պատմաբաններին եւ, ի վերջո, մտավորականությանն այնքան էլ չի հետաքրքրել Չարենցը: Չարե՛նցը: Նարեկացուց հետո հայ ազգի ամենամեծ հանճարը: Այդ հարցը չի հուզել անգամ Չարենցի գրչակից ընկերներին` ի դեմս Հայաստանի գրողների միության: Թեպետ այդ կառույցի անդամներին եւ, առավել եւս, ղեկավարին` Լեւոն Անանյանին, Չարենցի գրչակից ընկեր անվանելն առնվազն վիրավորանք է մեծագույն բանաստեղծի հիշատակի հանդեպ: Հայրենի կառավարության ինտելեկտուալ ղեկավարին, որն այնքան սիրում է մեջբերումներ անել միջնադարյան փիլիսոփաներից, նույնպես չի հուզել Չարենցի աճյունն իրեն արժանի վայրում` Պանթեոնում, ամփոփելու հարցը: Ու ստացվել է այնպես, որ Չարենցի գերեզմանով հետաքրքրվել են միայն մի խումբ գրականասերներ եւ երեք-չորս գրականագետներ: Նրանք էլ արել են այնքան, որքան կարողացել են. Չարենցի ենթադրյալ գերեզմանին տեղադրել են մի փոքրիկ խաչ եւ մի խղճուկ ցուցանակ: Սակայն, ինչպես պարզվեց, որոշ տականքներ այդքանն էլ են շատ համարել եւ բանաստեղծի ենթադրյալ գերեզմանը հավասարեցրել են հողին ու ծածկել շինարարական աղբով: Եւ այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ, որ դա բանաստեղծի ենթադրյալ գերեզմանն էր: Կարեւորն այն է, որ ազգությամբ հայ որեւէ մեկը կարող է տեսնել Եղիշե Չարենց անունը կրող ցուցանակով գերեզման ու նման կերպ վարվել: Կարեւորն այն է, որ տարիներ շարունակ Չարենցի գերեզմանի հարցն այսպիսի անտարբերության է արժանացել: Կարեւորն այն է, որ երկրիս երբեմնի նախագահն այդ գերեզմանից ոչ հեռու դղյակ է կառուցել ու ոչ մի անգամ չի էլ հետաքրքրվել, թե ինչու է Չարենցի գերեզմանն այդ վիճակում: Սա արդեն ոչ թե ահազանգ է, այլ մահազանգ, որը գուժում է ազգային ու մարդկային սրբությունների վերացման մասին, քանզի այդ Չարենցի գերեզմանը չէ, որ այսօր ոչնչացվում է, այդ մեր բոլորիս ազգային խիղճն ու պատիվն է ոչնչացվում: Իսկ Չարենցն անմահ է:




Լրահոս