Ազատության հրապարակում մեկնարկած մարտի 1-ի դեպքերին նվիրված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ 2008 մարտի մեկին ժողովուրդն իրեն հերոսաբար դրևորեց, իսկ ոստիկանության կողմից նույնիսկ երեք անգամ տեղի ունեցած հարձակումը չկարողացավ կոտրել պայքարը:
Լևոն Զուրաբյանը համոզմուքն հայտնեց, որ իշխանություններին հաջողվել է ճնշել շարժումը միայն այն ժամանակ, երբ խախտելով սահմանադրությունը, հայտարարել է արտակարգ ռեժիմ և ժողովրդի դեմ հանել բանակը:
Զուրաբյանը հավելեց նաև, որ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության միասնականության շնորհիվ հնարավոր եղավ խորհրդարան մտցնել գազային օրինագիծը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Հերթի մեջ է կառավարության անվստահություն հայտնելու հարցը, և չեմ բացառում, որ 4-ի ձևաչափի կողմից դրվի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը»,- պարզաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ պետական կառավարման ձախողումների պատճառով Սերժ Սարգսյանը ֆինանսական խնդիրները փորձում է լուծել արագաչափերի, կենսաթոշակային կուտակային համակարգի, կարմիր գծերի միջոցով, որոնք, ըստ Զուրաբյանի, դարձել են ժողովրդից փողերի քերթման միջոցներ: Ինչը Լևոն Զուրբայանը համարեց շարունակական գործընթաց մինչև որ իշխանությունները չհեռանան, չնայած, որ, ինչպես հավելեց խմբակցության ղեկավարը, Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ չի եղել: