ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը եւ Լիզ Քրիստոֆերսենը ողջունել են Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի առաջընթացը: Այս մասին ասվում է հունիսի 3-7-ը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով ընդունված զեկուցողների հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ճանապարհին Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ձեռք բերված վերջին առաջընթացը եւ կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին ակտիվացնել երկկողմ բանակցությունները»,-ասվում է փաստաթղթում։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ նրանք նաև կոչ են արել ապահովել տեղաշարժի ազատությունը։ Այստեղ խոսքը գնում է նախորդ հայտարարությունների, մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կատարման մասին։
«Մենք նաեւ հույս ենք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը կլքեն այդ շրջանը ոչ ուշ, քան 2025 թվականի նոյեմբերը»,-ասվում է զեկույցում։