ՀՅԴ-ն անդրադարձել է Արցախի վերաբերյալ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությանը․
«Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման և այս առնչությամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ:
Նիստի ժամանակ ելույթ ունեցած խորհրդարանականների մեծամասնությունը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ առավել խիստ դիրքորոշման անհրաժեշտությունը և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։
Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության անարդյունավետությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։ Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։
Անդրադառնալով նիստին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից գործադրվող ճնշումների արդյունքում Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքը կփոխանցի ԵՄ նախարարներին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի պատգամավորների շարունակական ջանքերը, ովքեր իրենց հնարավորությունների չափով տեր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության իրավունքներին: Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունն օգտագործվում է հակահայկական դիրքորոշում ունեցող պատգամավորների, ինչպես նաև Բորելի կողմից՝ հակազդելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավորների օրինական մտահոգություններին»»,- ասված է հայտարարության մեջ։