Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակիչում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:
Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 18-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝
Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գևորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ) Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):