«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 30-ի ուշ երեկոյան հերթական հրդեհն է բռնկվել Լոռու մարզի Ագարակ գյուղում. բնակիչներից մեկի տունն ու գոմը կիսով չափ այրվել են: Պարզվում է` հրդեհ է բռնկվել նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տանը:
Ագարակի գյուղացիները հրդեհը նկատելուն պես արագ դուրս են եկել իրենց տանից. հրդեհը բռնկվել է տան եւ անասնագոմի միջեւ ընկած տարածքում: Ջիլավյանների ընտանիքին օգնության են հասել հարեւանները, ահազանգել են հրշեջ ծառայություն: «Տան մեծը քնել ա, կեսրարս քնել ա, կեսուրս էլ ուզեցել ա քնի, էդ պահին 20 րոպեի պատմություն ա եղել, որ բռնկվել ա խոտը»,-պատմեց Ջիլավյանների հարսը: Գյուղացիները պնդում են, որ այդ ամենը միտումնավոր է արվում: «Այ ըտենց իրար հետեւից դրանք շարունակում են էդ գործը կատարել, օրումեջ վառում են»,-վրդովված նշեց Անուշ Բաբաջանյանը:
Նշենք, որ գոմում եղել են 15 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, իսկ տունը գտնվում է այրվող խոտի դեզից կես, անասնագոմը` մեկուկես մետր հեռավորության վրա: Թե ինչի պատճառով է հրդեհն առաջացել, դեռեւս պարզ չէ, իսկ Ստեփանավանի հրշեջ-փրկարար ծառայության հրամանատար Արայիկ Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց մեկ հանգամանք. «Խոտի դեզը տանը մոտ կիտելն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, շատ ժամանակ ասում են` իմ խոտը չի՞, որտեղ կուզեմ, էնտեղ էլ կդնեմ, դա սխալ է»: Անցած ողջ շաբաթվա ընթացքում Ագարակ գյուղում հրդեհները հաջորդել են միմյանց: Հոկտեմբերի 31-ին փրկարարները նույն գյուղից արդեն 4-րդ անգամ ահազանգ են ստանում:
Տեղեկացանք, որ հոկտեմբերի 28-ին հրդեհ է բռնկվել նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տան առաջին հարկում: Նշենք, որ Վարդենիսի մշակույթի տունն արդեն քանի ամիս է` վերանորոգվում է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, ով ասաց, որ հրդեհի պատճառով այդքան էլ մեծ վնաս չի եղել: «Փայտ ա վառվել, ծխախոտ են գցել, հրդեհ ա բռնկվել, իսկ վերանորոգման աշխատանքներն էլ շարունակվելու են»,-եզրափակեց քաղաքապետը: Դեպքի վայր է մեկնել փրկարարների երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ու մարվել է: Մեր տեղեկություններով` հրդեհը բռնկվել է մշակույթի տան դահլիճում` առաջին հարկում` 400քմ մակերեսով: Ի դեպ, նշենք, որ շինարարական աշխատանքներ այդ հատվածում դեռեւս չեն եղել, միայն մշակույթի տան տանիքն է վերանորոգվել:
ՀՐԴԵՀՆԵՐ ԼՈՌԻՈՒՄ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ