ԱՄՆ-ի համար Հայաստանն առժամանակ այնքան էլ հետաքրքիր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցը, որում բավականին կոշտ ձևակերպումներ կան Հայաստանի մասով: Նախ` անդրադարձ է կատարված անցած տարվա նախագահական ընտրություններին, որոնց հետ կապված թեև նշված է, որ դրանք, ընդհանուր առմամբ, անցել են  բաց ու թափանցիկ մթնոլորտում, հարգվել են  հիմնարար ազատությունները, սակայն միևնույն ժամանակ գրանցվել են նաև որոշ թերացումներ, այդ թվում` թեկնածուների համար անհավասար դաշտի առկայություն, լուրջ ընտրական խախտումներ ու ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ:

Զեկույցում նաև ընդգծված է «ընտրակաշառք բաժանելու արժանահավատ մեղադրանքների, ՀՀ ընտրական օրենսգրքում շարունակական թերությունների, ինչպես նաև բողոքներն ու գանգատները քննելու անարդյունավետ համակարգի» առկայությունը, որոնց հանրագումարում «հարցականի տակ է դրվում ընտրական գործընթացի ամբողջական արժանահավատությունը»: Նկատենք, որ այս վերջին գնահատականը  բավականին լուրջ է, որն ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու երանգներ է պարունակում:

Թեև, անշուշտ, ընտրություններից մեկ տարի անց տրված այս գնահատականները որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ և առավելագույնը կծառայեցվեն որպես  լրացուցիչ գործիք` հարկ եղած դեպքերում ՀՀ իշխանությունների վրա ճնշում բանեցնելու համար:

Զեկույցում հաջորդ աչք ծակող ձևակերպումը կապված է ՀՀ կառավարության  գործունեության հետ: «Կառավարության տարբեր շերտերում առկա մշտական կոռուպցիան խաթարել է օրենքի գերակայությունը»,-ասված է Պետդեպի տարեկան գնահատականում: Որպես ամենանշանակալի խնդիրներից մեկը` նշված է կառավարության գործունեության թափանցիկության պակասը և քաղաքացիների սահմանափակ իրավունքը` փոխելու իրենց կառավարությունը: Սա արդեն հստակ ազդակ է` ուղղված մինչև վերջերս արևմտամետ համարվող կառավարության ղեկավարին, որի կողմից միջազգային տարբեր ամբիոններից տրված կոռուպցիայի դեմ պայքարի հավաստիացումներն այդպես էլ իրականություն չդարձան: Ինչի մասին էլ ՀՀ վարչապետի` դեպի Ռուսաստան վերակողմնորոշումից հետո չհապաղեց հիշատակել ԱՄՆ-ը:

Զեկույցում նշված այլ` դատական համակարգի կախյալության, ոստիկանությունում բռնությունների կիրառման, կալանավայրերի վիճակի և խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերի մասին ձևակերպումները, ըստ էության,  նույնն են, ինչ նախորդ տարիներին: Ինչպես և` մարտի մեկի սպանությունների բացահայտված չլինելու մասին հիշատակումը: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ի մասով այս զեկույցը որևէ նորություն կամ արտառոց գնահատական չէր պարունակում: Ասել է թե` ԱՄՆ-ի համար Հայաստանն առժամանակ այնքան էլ հետաքրքիր չէ:

 

 

 




Լրահոս