ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2022 թիվն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ։

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված. «Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլեւ գլոբալ պրոցեսների, ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետ։ Հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի եւ Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից եւ այլն»։

Փաշինյանը նշեց, որ իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ու ռազմավարություն եւ անում է հնարավորը՝ այն կյանքի կոչելու համար։ Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձեւաչափով բանակցային հերթական փուլը։ Վարչապետը որոշ մանրամասներ է բացահայտել. «Տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին եւ Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման քննարկել ենք նաեւ ՌԴ մեր գործընկերների հետ, եւ չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ առիթ ունեցել է ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ եւ ներկայությամբ, ինչը եւս մտահոգիչ է. «Այս իրադրության կարգավորման ուղղությամբ մենք շարունակելու ենք քննարկումները, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերների հետ»։

Նա պատմել է, որ Մոսկվայում քննարկվել է նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը պատրաստ է դրան, բայց դա պետք է տեղի ունենա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա. «Մենք ընդգծել ենք, որ երկրների սուվերենության եւ իրավազորության ներքո պատրաստ ենք շատ արագ կոմունիկացիաների վերաբացմանը։ Փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Մենք տրամադրված ենք ու շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն»։

Նա շեշտել է, որ այդ հարցի լուծումը միայն Հայաստանից չի կախված։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29.8 հազար եւ 86.6 հազար կմ2 տարածքները? «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ։ Այստեղ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասել է նա, ապա, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել, թե միջազգային գործընկերներից պետք է այս ուղղությամբ պարզաբանումներ ստանալ. «Եթե նշանակում է հրաժարում (իսկ տեքստը, որ հնչել է, շատ մոտ է դրան), ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ՝ պետք է այստեղ լրացուցիչ ճշգրտումներ անել, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»։

Ըստ վարչապետի՝ առաջիկայում Մոլդովայում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում, որին մասնակցելու են ինքը, Ադրբեջանի նախագահը, ԵՄ նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը. «Քննարկում կար, թե հնարավոր է՝ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ։ Սա խաղաղության պայմանագրի չորրորդ խմբագրումն է. մենք մեր խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին եւ դեռեւս դրա մեկնաբանությունները չենք ստացել։ Հետեւաբար, այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որ հնարավոր լիներ ստորագրել»։

 

 

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ 2023թ. մայիսի 26-ին՝ ժամը 20:40-ին, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել եւ իր կողմից շահագործվող OPEL ASTRA G մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 25-ամյա երիտասարդի բնակության վայրում եւ վերջինիս կողմից վարած OPEL ASTRA G մակնիշի ավտոմեքենայում, որի ընթացքում վերջինս ավտոմեքենայի սրահի տարբեր հատվածներից ներկայացրել է ընդհանուր 140 հատ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված, չորս հատ կաթոցիչ, ինչպես նաեւ մեկ հատ էլեկտրոնային կշեռք:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ու պահել առանձնապես խոշոր չափերով Մեթամֆետամին եւ MDMB(N)-022 տեսակի թմրամիջոցներ, որից հետո Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,52 գրամ քաշով թմրամիջոցը՝ իրացման համար նախապես կշռված եւ հարմար փաթեթավորված 10 փաթեթներում, ինչպես նաեւ MDMB(N)-022 տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,57 գրամ քաշով թմրամիջոցը՝ իրացման համար նախապես կշռված եւ հարմար փաթեթավորված 5 փաթեթներում, իրացնելու նպատակով 2023 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, իր կողմից վարված OPEL ASTRA G մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու մոտակա տարածք, որտեղ վերջինս հայտնաբերվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

«ԾԽԱԽՈՏ ԷԼ ՉԵՄ ԾԽՈՒՄ»

Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, եւ հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում եւ ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին. «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին:

Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը մենք ունենք արդյունք. այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել էր նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

Ավելին՝ ԱԱԾ-ն 1 տոննա Հերոին Հայաստան ներմուծելու մասին հայտնեց։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է խնջույքի մասնակցել եւ ինչ թմրանյութ է օգտագործել:

-Խնջույքի վերջին անգամ մոտավորապես 10 օր առաջ եմ մասնակցել. ինչ վերաբերում է թմրանյութ օգտագործելուն, ընդհանրապես չեմ ծխում: Իմ անունը որեւէ մեկը չի ավելացրել այդ ցուցակներում՝ լավ իմանալով, որ ես նույնիսկ սովորական ծխախոտ էլ չեմ ծխում, այսինքն՝ կարիք չկա ուրիշ ցուցակներում ավելացնելու: Մնացածը, կարծում եմ, գործընկերներս բացատրել են, թե ինչու են այդպես արտահայվել կամ ինչ կարծիք ունեն: Համենայնդեպս, այն շրջապատը, որը ես ունեմ, նման խնդիր չկա. ամեն ինչ կարգին է:

Խոսելով Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի մասին՝ Սանոսյանն ասաց.

– Չափազանց մտահոգիչ է, որովհետեւ եթե մեր երկրի համար է դա ներմուծված, նշանակում է՝ այդքան սպառում կա: Եթե մեր երկրի համար չէ, բերվել է, այլ տեղ պիտի տարվի, դա եւս վատ է. նշանակում է մեր երկիրը  կարող է տարանցիկ երկիր դառնալ թմրամիջոցների առք ու վաճառքի համար: Այսինքն՝ ցանկացած սցենարի դեպքում դա լավ չէ: Այս ամբողջ պատմության մեջ լավն այն է, որ մեր իրավապահ համակարգը կարողացել է այդ պրոցեսն իրականացնել, եւ կարծում եմ՝ քննության փուլում բոլոր մանրամասները եւ՛ Դուք, եւ՛ ես, եւ՛ մեր հայրենակիցները կիմանանք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս