ԵՊՀ-Ն՝ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը, ինչպես նաեւ վերջիններիս կաշառք տված 5 անձինք: Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց, որպես կաշառք պահանջել եւ ստացել են տարբեր չափի գումարներ:

 

Ըստ հաղորդագրության՝ Գագիկ Տոնոյանը, առանց ֆակուլտետի ուսանողի գիտելիքները ստուգելու, վերջինիս դրական գնահատականներ նշանակելու համար ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 դրամ կաշառք, այնուհետեւ այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկանին: Բացի այդ, դեկանը տեղակալ, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն եւ ապօրինի գործողություն կատարելու դիմաց ստացել են կոնյակ եւ 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

«Ժողովուրդ» օրաթերթն այդ ֆակուլտետի ուսանողներից ահազանգեր է ստացել, որ դեկանը եւ դասախոսները հստակ գումարային ցանկ են ունեցել քննություններն անցկացնելու համար: Ընդ որում՝ հեռակա սովորող ուսանողների համար գնային այլ ցանկեր են գործել, իսկ առկա սովորողների համար՝ այլ:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում՝ հասկանալու՝ ինչ իրավիճակ է այնտեղ:

Նախ՝ համալսարանում քննական աժիոտաժ էր, ուսանողները միջանկյալ քննություններ էին հանձնում:

Ուսանողները, որոնք հետագա անախորժություններից խուսափելու համար չէին ցանկանում ներկայանալ, մեզ պատմում էին, որ թեեւ իրենք անձամբ նման խնդիրների չեն բախվել, բայց այլ ուսանողներից հաճախ են ահազանգեր ստացել, որ քննությունը ստանալու համար գումար են իրենցից պահանջել:

Ֆակուլտետի դասախոսները եւս չէին ցանկանում ներկայանալ, խուսափողական էին խոսում, գուցե անհանգստացած էին, որ դեկանը հնարավոր է վերադառնա աշխատանքի, եւ չէին ցանկանում թշնամանալ նրա հետ:

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի փոխդեկան Աստղիկ Փարսյանն ասաց, որ երկար տարիներ է՝ աշխատում է համալսարանում, բայց ուսանողներից նման ահազանգեր չի ստացել, նորմալ հարաբերություններ են եղել թե՛ դեկանի, թե՛ դասախոսների հետ: Մեր զրուցակիցները հիմնականում խուսափում էին տեսախցիկի առջեւ խոսելուց հետագայում խնդիրներ չունենալու համար: Մասնավոր զրույցներում նշում էին, որ այս հարցը մշտապես եղել է իրենց ֆակուլտետում, ու, կարելի է ասել, որ այն տարիների պատմություն ունի: Առաջիկայում ինչ հանգուցալուծում կստանա այս հարցը՝ դժվար է ասել, քանի որ իրավապահ համակարգը շատ գործ ունի անելու՝ բացահայտելու համար, թե ինչպես է տարիներ շարունակ նման կոռուպցիայի մեջ «թաղված» եղել այդ ֆակուլտետը:

 

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առեւանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

«Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առեւանգման փաստով Հայաստանը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: Այս պահին հաստատվել է, որ տղաները գտնվում են Բաքվում, եւ ակնկալվում է, որ առաջիկա օրերին պատասխան կստանանք»,- հայտնեցին գրասենյակից:

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Մայիսի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երեւանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 4060 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 174 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 189, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 289 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 72, չամրակապված վարելու՝ 147, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 357 իրավախախտումներ։ 164 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 283-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 6598 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 284 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 127, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 479 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 84, չամրակապված վարելու՝ 1085, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 127 իրավախախտումներ։ 283 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 967-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 48 անձ։

 

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախորդ տարի Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը՝ ներառյալ պարգեւատրումները, կազմել է 289 հազար դրամ:

Այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Հաշվետու տարում Ոստիկանության ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80.9 մլրդ դրամ՝ 2021 թվականի 67.3 մլրդ դրամից 13.6 մլրդ դրամով կամ 20.2 տոկոսով ավելի:

«Ընդհանուր հատկացումներում ընթացիկ ծախսերը կազմել են 69.4 մլրդ դրամ՝  2021 թվականի 64.4 մլրդ դրամի նկատմամբ 5 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով ավելի: Կապիտալ ծախսերը եղել են 11.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի 2.9 մլրդ դրամից 8.6 մլրդ դրամով կամ շուրջ 4 անգամ ավելի»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է եղել Երեւան քաղաքում Ոստիկանության նոր պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման շարունակական ծախսերի, գույքի, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության նախատեսման հանգամանքով:

Հաշվետու տարում ծախսվել է 80 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.9 տոկոս:

«Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը՝ ներառյալ պարգեւատրումները, կազմել են 289 հազար դրամ՝ ըստ էության պահպանելով 2019-2021թթ տվյալ ցուցանիշի մակարդակը»,- ասաց Ֆիդանյանը:

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով հունիսի 2-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում: Այս մասին նշված է երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց՝ նախկինում միակողմանի երթեւեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթեւեկություն՝ հասարակական տրանսպորտի երթեւեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչեւ հետիոտնային անցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

 




Լրահոս