ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիեւի արած հայտարարության:

 

«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձեւաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք եւ տեսնում ենք ագրեսիվության դրսեւորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ եւ այլ ճնշումների ձեւով:

Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով եւ Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը:

Հարավային Կովկասում տեւական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով , որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որեւէ սկզբունք եւ պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւը բռնազավթված Բերձորում հայտարարել էր. «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»:

 

 

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՀԱՎԻ ՄՍԻՑ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը երկրորդային կամ խաչաձեւ աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):

 

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ աշխարհի զարգացած երկրներում եւս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձեւ աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման եւ ախտահանման, ինչպես նաեւ անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում եւ այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետեւանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում:

Թեեւ 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաեւ Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի եւ կառավարելի լինի, անհրաժեշտ է նաեւ սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը:

Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ. թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ եւ աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ, թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:

Տեսչական մարմինը մշակել եւ կիրառում է վերահսկողության գործիքներ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունն ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու եւ սննդային կամ խաչաձեւ աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար:

Հանրության հետ ակտիվ համագործակցությունը՝ ուղղված սննդային թունավորումների բացառմանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առաջնահերթություններից է:

 

 

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում թունավորման բռնկումից հետո հաստատության մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին թունավորում չճշտված ախտորոշմամբ 16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության, եւ հայտնաբերվել են անհամապատասխանություններ։

 

 

 

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաեւ նժույգթափերի եւ օղակների վարժությունների եզրափակչում ու զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Դավթյանը՝ 14.223, իսկ օղակների վարժության եզրափակչում 14.066 միավոր է հավաքել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է օղակների վարժությունում՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում նա 14.700 միավոր է հավաքել եւ դարձել ոսկե մեդալակիր:

World Challenge Cup մրցաշարի հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 8-ից 11-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը, ինչպես նաեւ Մանե Պողոսյանը:

Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչներ Հայկ Նազարյանի եւ Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարական խմբում:

 

 




Լրահոս