ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Հաջողությամբ կայացավ Գրքի երեւանյան միջազգային վեցերորդ փառատոնը՝ լի բազմաշերտ գրական իրադարձություններով, նոր բացահայտումներով ու գրքային անցուդարձով։

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ    

ՀԱՐՑ. Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ։

Ամալյա Գալեյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը,

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

 

 

 

ՆԻՍՏԵՐ

ՀԱՐՑ. Ես կարո՞ղ եմ մասնակցել մեր համայնքի ավագանու նիստերին:

Հայրիկ Նազարյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի՝ համայնքի ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր եւ քննարկումներ:

Բացի այդ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը՝ տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչեւ տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, եւ չորս տոկոսը` մինչեւ հազար բնակիչ ունեցող համայնքներում:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։

 

 

 




Լրահոս