ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դիմելով արցախահայությանը, հայտարարել էր. «Ձեր գիրքը փակված է, «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք՝ ուր պետք է: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղ նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը վերոհիշյալ հայտարարության մասին զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղ նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը:

-Ամեն ինչ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների գործողություններով եւ վարած քաղաքականությամբ: Բնականաբար, Ադրբեջանի բռնապետի ձեռքերը ավելի ազատ են, եւ եթե մենք համեմատենք մինչեւ 2018 թվականը, ապա բոլորս փայլուն հիշում ենք, որ այդ նույն անձը մինչ 2018-ը ասում էր, որ իրեն փակ սենյակներում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքն՝ մենք ունենք իրավիճակ՝ երբ այդ նույն ներկայումս հոխորտացողը այսկերպ հայտարարություններ էր անում եւ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային սեղանին ասում, որ ինքը եւս չի դիտարկում Արցախը Ադրբեջանի կազմում: Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2018-ից հետո՝ նաեւ պայմանավորված պատերազմում իրենց հաղթանակով, Արցախի եւ Հայաստանի դեմ ճնշումը ավելացավ, իսկ շրջափակման օրերից այդ ճնշումը ավելի մեծացավ: Հայաստանի իշխանությունները չխորշեցին եւ հայտարարեցին, որ իրենք եւս ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, նաեւ պատրաստ են զիջումների գնալ Հայաստանի սուվերեն տարածքներից: Սա այն ամենամեծ երազանքն էր, որը նույնիսկ պատկերացնել չէին կարող թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան, որ կարող էր երբեւէ իրականություն դառնալ, բայց այն Հայաստանի իշխանությունների աջակցությամբ դառնում է իրականություն:

Մյուս հարվածը Արցախի պետության գլխատումն է՝ փորձելով վերացնել պետական ինստիտուտները:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք ընտրում են պայքարի ճանապարհը, այլեւս որեւէ զիջում չի լինելու, եւ մեր որոշման մեջ որեւէ բան չի փոխվել: Այնպես որ, մեր օրակարգը արդեն վաղուց Հայաստանի իշխանությունների օրակարգին հակառակ է:

-Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման եւ Ադրբեջանի այսպիսի հայտարարությունների ֆոնին՝ Արցախի իշխանությունները ի՞նչ են պատրաստվում անել:

-Արդեն երեք ամիս, անկախ այն հանգամանքից, թե ինչ է կատարվում, եւ ինչ քայլերի են գնում Հայաստանը եւ Ադրբեջանը, մենք սկսեցինք բավականին մեծ խմբով աշխատել այլընտրանքային նախագծերի, ծրագրերի վրա: Պետք է հասկանալ, որ մենք իրականում կորցնում ենք Արցախը եւ դրանով վտանգում եւ թուլացնում ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Այս հարթակում մենք ստեղծեցինք տարբեր ծրագրեր՝ տարբեր սցենարներով մշակված, որտեղ կան եւ՛ ներկայիս իշխանությունների հետ կապված, եւ՛ առանց իշխանությունների: Այս ամենը արդեն մշակված, ձեւավորված է ճակատը, որտեղ մեծ համախմբում կա, եւ դրանք այն իրատեսական ծրագրերն են, որով Արցախը պայքարելու է: Ծրագիրը շուտով հրապարակվելու է, բավականին մեծ ծրագիր է, որը բոլորի համար հասանելի կլինի:

 

 

 

ՆԵՐՔԻ՞Ն ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Ալիեւը վերջերս հերթական սպառնալիքն էր հնչեցրել Արցախի հասցեին՝ պահանջելով լուծարել Արցախի խորհրդարանը. «Խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Ալիեւի սպառնալիքներին, ասում է. «Արցախի համապատասխան պաշտոնյաներն արդեն արձագանքել են նրան. սա բանակցություններից առաջ հերթական սադրիչ հայտարարություններ են, որոնք ստվեր են նետում Ալիեւի՝ ընդամենը ժամեր առաջ արած հայտարարություններին: Ադրբեջանը պետք է պարզաբանի՝ որ ասելիքն է իրական, եւ որ ասելիքն է ներքին լսարանի համար ասվում»,-ասում է նա:

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ, ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԹԻՄ ՉՈՒՆԻ

Մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար:

Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երեւանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ: Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները եւս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից:

 

 

 

 

ԿՄԵԿՆԻ ԵՎՐՈՊԱ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29-ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։

Ընդդիմադիր պատգամավորը մայիսի 29-31-ը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, իսկ հունիսի 1-3-ը Լոնդոնում կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին:

Պատգամավորի գործուղման հետ կապված ճանապարհածախսը (Երեւան-Փարիզ-Լոնդոն), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը (Լոնդոն, 3 գիշեր) կկատարվեն պետբյուջեի հաշվին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ




Լրահոս