ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. մարտի 10-ին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մի շարք հանգամանքներ:
2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան քաղաքի 75-ամյա բնակչի կողմից վարած «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը ուղեւորներով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել գետը։ Դրա հետեւանքով 23 ուղեւորները եւ վարորդը՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղեւորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Հիվանդանոց տեղափոխված 23 ուղեւորները ճանաչվել են տուժող։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է նաեւ դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն։
Նախաքննության ընթացքում կատարված վարութային եւ ապացուցողական գործողությունների, այդ թվում նաեւ նշանակված համալիր փորձաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղեւորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, Ուխտավայրի դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ուշադիր չհետեւելով առջեւում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից եւ Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը՝ ուսուցչուհի, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղեւորները ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ ավտոբուսի կառավարելիությունը եւ ընթացքի կայունությունն ապահովող համակարգերը, ագրեգատները եւ դետալները, ղեկային կառավարման ու բանվորական արգելակային համակարգերը, ընթացային մասերը մինչեւ տվյալ պատահարը՝ նախընթաց շահագործման ընթացքում, գտնվել են սարքին վիճակում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ավտոբուսի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել՝ նոր նշանակում կատարելու մասին։
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»:
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ՝ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 1-ին՝ Քիշնեւում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայանալիք հանդիպմանն ընդառաջ, գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հույս հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կտա շարունակել քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ակնկալում ենք Քիշնեւում շարունակել քննարկումները Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ։
Անհրաժեշտ է վերահաստատել հարգանքը մեկը մյուսի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, առաջխաղացում գրանցել սահմանների դելիմիտացիայի հարցում, ինչպես նաեւ նվազեցնել սահմանային շրջանների ռիսկերը։
Այժմ կենսական է Բաքվի եւ նախկին ԼՂԻՄ տարածքում բնակվող հայերի միջեւ երկխոսությունը նրանց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ։
Կարեւոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից եւ ձգտել երկխոսության։ Հակամարտության ավելի քան 30 տարիներից հետո ժամանակ է հարկավոր, որ վերքերը սպիանան։ Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին՝ Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ։ Ակնկալվում է ինչպես եռակողմ՝ Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպում, այնպես էլ հնգակողմ հանդիպում՝ արդեն նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։
ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ
Մի շարք երկրներում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչների պաշտոնները թափուր են մնում. դեռ չի հաջողվում համապատասխան թեկնածուներ գտնել. մայիսի 30-ին՝ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Առեւտրային ներկայացուցիչների թափուր աշխատատեղեր կան Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում։ «Նախարարությունն, իհարկե, ցանկանում է լրացնել դրանք, բայց զգուշությամբ։ Կարեւոր է, որ մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն այս աշխատանքը, կենտրոնանան արդյունքի վրա»,- ընդգծեց Քերոբյանը։
Այսօրվա դրությամբ, ինչպես նշեց նախարարը, Հայաստանն ունի ընդամենը երկու առեւտրային ներկայացուցիչ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ Իրանում։ Նախկինում ներկայացուցիչներ կային ԵՄ-ում (նստավայրը՝ Բրյուսել), ինչպես նաեւ առանձին եվրոպական երկրներում։ Առեւտրային ներկայացուցիչ կար նաեւ Ռուսաստանում։
«Իրանի հետ ապրանքաշրջանառությունը երկու տարում կրկնապատկվել է։ Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա զարգացմանը, ընդ որում՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ»,- հավելեց պաշտոնյան։
Նա հստակեցրեց, որ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցիչն, ըստ էության, Վերին Լարսի անցակետում (Վրաստանի հետ սահմանին) մաքսային կցորդն է։ Վերջինս զբաղված է ոչ թե հայկական արտահանման խթանմամբ, այլ ընթացակարգային մաքսային հարցերով, ինչպես նաեւ մեքենաների երթեւեկությամբ։
«Ռուսաստանում, որը Հայաստանի համար հսկայական եւ շատ կարեւոր շուկա է, անհնար է արտահանման զարգացումը մեկ անձի հանձնարարել։ Այնպես որ, մենք բաց ենք համագործակցության համար բոլոր շահագրգիռ ձեռնարկատերերի հետ, որոնք գործում են ռուսական շուկայում»,- ասաց նախարարը։
Միաժամանակ Հայաստանը շարունակում է աշխատել արաբական շուկայի եւ Ասիայի այլ տարածաշրջանների յուրացման, ինչպես նաեւ եվրոպական, ամերիկյան եւ այլ շուկաներում իր ներկայության ընդլայնման ուղղությամբ։