ՎԵՆԴԵՏԱ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 29-ին Երեւանում հնչած կրակոցներից: Մասնավորապես՝ 18-ամյա Դ. Թամարյանի սպանությունը խորը արմատներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներին է ներկայացել 26-ամյա Հայկ Մելտոնյանը եւ հայտնել, որ ինքն է կրակել ու սպանել 18-ամյա տղային: Ավելին՝ նա իրավապահներին է հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակը, որով մի քանի անգամ կրակել եւ կյանքից զրկել է 18-ամյա տղային:

 

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ինչո՞ւ է 26 ամյա տղամարդը Երեւանում սպանել 18-ամյա Դ. Թամարյանին:

Իրավապահները պարզել են, որ տարիներ առաջ Վրաստանի Ախալքալաք քաղաքում սպանել են Հայկ Մելտոնյանի եղբորը, եւ այդ սպանության մեջ կասկածվել է 18-ամյա Դ. Թամարյանի հայրը: Տարիներ հետո Հայկ Մելտոնյանը վրեժխնդիր եղավ եւ վենդետա արեց իր եղբոր սպանության համար՝ Երեւանում սպանեց իր եղբորը սպանողի տղային:

Shamshyan.com-ը գրել էր, որ մայիսի 29-ին մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում՝ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել, եւ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում են ոստիկաններն ու քննիչները, դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դ. Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչեւ շտապօգնության ժամանումը նա մահացել է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում, 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաեւ հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն եւ տարաբնույթ օպերատիվ-հետախուզական եւ վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

ArmLur.am-ն հայտնել էր, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը 1 տոննա Հերոինի գործով ձերբակալությունների եւ կալանավորումների շարք է սկսել:

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱՎՈՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու եւ 44-օրյա պատերազմի հերոսի մոր միջադեպի գործը ուղարկվել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Նշենք, որ հերոսածին մորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական եւ քաղաքական գործունեության հետ կապված, առեւանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման եւ արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաեւ ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։

Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ՝ նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS» ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։

Երեք դեպքերով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1310 տուփ «Marlboro» եւ «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ:

Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես նաեւ չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա եւ հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։

Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ եւ 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված Մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

 




Լրահոս