ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ԿԱՄԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենսդրական փաթեթով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

 

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 30-ի նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ պաշտպանության նախարարի՝ նպատակահարմար է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս. զորակոչը սահմանվել է յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին:

Կհստակեցվեն նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով եւ ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման՝ ներառյալ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության գործընթացը:

Նշվել է, որ նախագծով սահմանվում են զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելն իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր:

Սահմանվում է նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը: Պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար, ՀՀ կառավարության որոշման համաձայն, նախատեսվում է պատվովճար` 1 մլն դրամի չափով:

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ իգական սեռի ներկայացուցիչները ծառայությունից հետո կհամալրեն պահեստազորի կազմը եւ անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը կարեւորել է նախագծի ընդունումը, ինչը, ըստ նրա, նոր մրցակցային դաշտի հնարավորություն է ընձեռում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ նախագծերի փաթեթով կարեւոր քայլ է կատարվում Զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ: Ըստ նրա՝ այն հնարավորություն կընձեռի բարձրացնել բանակի որակական ցուցանիշները:

Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի՝ նախագիծը համարձակ նախաձեռնություն է եւ այն կմոտիվացնի տղամարդկանց՝ բանակում ծառայելը:

Հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի համոզմամբ՝ օրենսդրական փաթեթով կարեւոր բարեփոխում կիրականացվի բնագավառում:

Բանակի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովականների դրական եզրակացությունը: Առաջարկվել է հարցն առաջիկա լիագումար նիստում քննարկել 24-ժամյա ռեժիմով:

 

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մի խումբ վարորդներ երեկ՝ մայիսի 30-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։

 

«Մենք անհամաձայնություն ունենք, քանի որ ապրում ենք շատ շոգ երկրում, պլյոնկաները պոկած՝ առաջին հերթին վառվում ենք ահավոր։ Բացի այդ, գողությունները կշատանան, քանի որ երեւալու են մեքենայի սրահում եղած իրերը։ Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում՝ վարորդն ամրակապված է, թե ոչ, պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում էր, Հայաստանում 3 մլն վարչապետ գոյություն ունի, եւ նրանք կարող են որոշում կայացնել։ Ո՞ւր է։ Հիմա ընդամենը մի հոգի կաբինետում որոշում է կայացնում, ինքն էլ, իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետեւում հով-հով ման է գալիս, չի մտածում, որ, օրինակ, վարորդ կա՝ առավոտից իրիկուն տաքսի է քշում: էդ մարդը արեւի տակ ինչպե՞ս կարող է երկար վարի: Հնարավոր է՝ արեւից ալերգիա ունի: Մարդիկ էլ արեւի տակ կանգնելուց գլխացավ են ունենում, քթից արյուն է գալիս, հիմա ինչ՝ օրենք հանեն, որ ով չի կարող արեւի տակ կանգնի,  վարորդական իրավունք չստանա՞»,-ասաց ակցիայի մասնակից վարորդը:

Մեկ ուրիշն էլ նկատեց, որ համաձայն չէ որոշման հեղինակների հետ, թե առանց մգեցված դիմապակիով քշելը վարորդին օգնում է: Հակառակը, շատ դեպքերում խանգարում է, քանի որ գիշերը վարելիս դիմացից  կամ կողքից եկող մեքենաների լուսարձակների լույսը վարորդներին կարող է կուրացնել:

Վարորդները պահանջում են կա՛մ չեղարկել այդ որոշումը, կա՛մ մգեցման թույլատրելիության շեմը հասցնել 60-70 տոկոսի:

 

 

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Քիչ չեն դեպքերը, երբ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ու առողջապահական հիմնարկների աշխատողները իրենց խախտված իրավունքները վերականգնելու, հիմնականում՝ աշխատատեղում վերականգնելու պահանջով հայցադիմում են ներկայացնում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան եւ դատարանի վճռով հասնում իրենց խախտված իրավունքների վերականգնմանը։

Հարց է ծագում՝   Տավուշի մարզպետի աշխատակազմում   ինչո՞ւ է գործում  իրավաբանական բաժին, եթե մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների եւ առողջապահական հիմնարկների տնօրենները խնդրահարույց որոշումներ կայացելիս անհրաժեշտ իրավաբական աջակցություն չեն ստանում մարզպետարանի իրավաբանական բաժնից։ Ահավասիկ նման դեպքերից մեկը.

Տավուշի մարզի Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկարամյա հաշվապահ Մարիամ Նասիբյանի ներկայացուցիչ Ա. Խալաթյանը 2022 թվականի նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Տավուշի մարզի «Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց  պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»  ՊՈԱԿ-ի՝ այդ ՊՈԱԿ-ի տնօրենի 2022թ. սեպտեմբերի 6-ի թիվ  61-Ա  հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու եւ աշխատավարձի վճարման ժամկետանցի  համար տույժեր  բռնագաձելու պահանջներով։

2022թ. նոյեմբերի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը դատարանի  վարույթ ընդունելու եւ պատասխանողից ապացույցներ  պահանջելու մասին։ 2022թ. դեկտեմբերի 2-ին Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենը  դատարան է ներկայացրել  հայցադիմումի պատասխան։ 2023 թվականի մարտի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին եւ  գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար տրամադրել է ժամկետ՝ մինչեւ  2023 թվականի ապրիլի 27-ին նշանակված դատական հաջորդ նիստը։

Ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր  Նանա Դալլաքյանը  որոշել է սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստն ավարտել եւ գործով նշանակել դատաքննություն, սույն գործով դատաքննությունը նշանակել հունիսի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ

2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650 միլիոն դոլար) ավելի լրացուցիչ գումար կհատկացնի պաշտպանական կարողությունների եւ ազգային անվտանգության ամրապնդման համար։

Ինչպես «Արմենպրես-ը տեղեկանում է ՁԸհհ գործակալությունից, այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Նախատեսվում է լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ 1 միլիարդ մանաթ (588 միլիոն դոլար) հատուկ նախագծերի եւ պաշտպանական նշանակության միջոցառումների համար»,- հայտնել է գերատեսչությունը։

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ գումարի ավելացումից հետո հատուկ նախագծերի եւ պաշտպանական միջոցառումների համար ծախսերը կկազմեն 3,07 մլրդ մանաթ (1,81 մլրդ դոլար)։

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Այս տարի ամբողջությամբ կապահովվի կարտոֆիլի ներքին պահանջարկը, սակայն կարտոֆիլի արտահանման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Դժվարություններ, նրա խոսքով, կարող են առաջանալ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքի արտահանման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու փորձերի տեսանկյունից։

Փորձագետը խնդիրներ է կանխատեսում նաեւ ցորեն արտադրողների համար՝ Ռուսաստանից էժան սպառողական հացահատիկի ներմուծման ֆոնին։  «2023 թվականին Հայաստանում ծիրանի բերքը կլինի միջինից ցածր մակարդակի վրա»,-կարծում է նա։ Պետրոսյանը նշեց, որ դրա պատճառն են չոր աշունն ու ձմեռը, ինչպես նաեւ ապրիլյան  ցրտահարությունները։ Նա տեղեկացրեց, որ գյուղացիները վստահ չեն խաղողի իրացման հարցում, քանի որ ալկոհոլային արտադրանք արտադրողները չեն շտապում նրանց հետ պայմանագրեր կնքել:

Նախկին պաշտոնյան միաժամանակ ակնկալում է, որ խաղողի բերքը կլինի միջին մակարդակի վրա։

 

 

 

 

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆ

Տոկիոյում կայացած կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել են նաեւ Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի սաները: Մեր մարզիկները հաջող են հանդես եկել եւ գրավել են տարբեր մրցանակային տեղեր։ Այս մասին հայտնել են Հայաստանի կուդոյի ֆեդերացիայից։

Ընդհանուր առմամբ, կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել է 250 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Նալբանդյանը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը, Ալեքսանդր Չարխչյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը, Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդն էր, իսկ Դանիել Հակոբյանը՝ 4-րդը։

Կուդոն ժամանակակից կոնտակտային մարտարվեստ է, որը ստեղծվել է 1981 թվականին՝ Ազումա Տակաշիի կողմից: Պարունակում է Կիոկուշին կարատեի, ձյուդոյի, թայ-բռնցքամարտի տարրեր։

Համարվում է դինամիկ զարգացող մարզաձեւ: Կուդոն՝ որպես մարտարվեստ, օլիմպիական մարզաձեւերում ընդգրկվելու հավակնորդ է։

 

 

 

 

ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԿԱՊԱՆ

Մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ 1 թռիչք արդեն իսկ իրականացվել է:

«Մեկ օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ (թռիչքի-խմբ.): Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, մենք այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասաց նախարարը եւ տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:

Բայց հնարավոր է՝ ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, «որովհետեւ այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչեւ օդանավակայան գոտում են, եւ հիմա 2-րդ թռիչքը կիրականացնենք, որպեսզի տեսնենք, որ մեր արած սարքավորումների տեղադրումից հետո այդ խնդիրները վերացել են»:

Գնել Սանոսյանը նաեւ ընդգծեց, որ վերջնանպատակը կանոնավոր ուղեւորափոխադրում ունենալն է:

 




Լրահոս