ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին եւ մի քանի տարօրինակ հայտարարություններ արել: Մասնավորապես, նա զուգահեռներ է տարել ժողովրդավարության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության մեջ:  «Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ եւ ենթատեքստեր ենք վերհանում, ու սա շատ կարեւոր նրբություն է», – նշել է նա: Եվ Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում  է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։

Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։

Եվ հիմա էլ նա գլուխ է գովում, թե Արցախի հարցում ժողովրդավարությունն է բացել մեր աչքերը, մինչդեռ իրականում նախկինում Իլհամ Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, իսկ հիմա 5 ամսից ավելի փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ: Ի՞նչ կապ ունի սա ժողովրդավարության հետ:

 

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վահան Քերոբյանի պես իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում: Ասվածի վառ ապացույցն այն է, որ առողջապահության նախարարը գրեթե ամենուր է եւ, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երեկ Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ Երեւանում մասնակցում էր Ժողովրդավարության հայկական ֆորումին եւ նստած էր հենց առաջին շարքում: Իհարկե, կարեւոր ֆորում էր կազմակերպված Հայաստանում, սակայն հարց է առաջանում՝ ինչ կապ ունի առողջապահության նախարարը ժողովրդավարության հետ: Մայիսի 28-ին էլ Անահիտ Ավանեսյանը մասնակցում էր «Վարչապետի գավաթ» մրցաշարին եւ կրկին առաջին շարքում էր կանգնած: Ստացվում է՝ կա՛մ նա էլ է գնում Վահան Քերոբյանի ճանապարհով եւ իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում, կա՛մ էլ սա հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որ փորձում է կին պաշտոնյաներին իր հետ տանել եւ Եվրոպայի աչքերում լավ տպավորություն թողել։ Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ Անահիտ Ավանեսյանը զբաղվի իր ղեկավարած ոլորտով, որպեսզի ծանոթով բժշկությունը փոխարինվի ինստիտուցիոնալ բժշկությամբ, որտեղ աղքատները չվճարեն հարուստների փոխարեն, ինչպես այսօր է:

 

 

 

Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, եւ ինչ արդյունքներ կան:  Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում եւ հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում  ներկայացված  է: Իսկ ի՞նչ է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ. Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը եւ ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը եւ գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, եւ քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու եւ ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ եւ կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Դատելով իրավիճակից՝ Աննա Վարդապետյանը  1 տոննա Հերոինի հարցը Վրաստանի դատախազի մոտ բարձրացրել  է, քանի որ 1 տոննա թմրանյութը, ըստ ԱԱԾ-ի,  Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Իսկ թե ինչ է հայտնաբերվել, ինչպես է Հերոինը հայտնվել ներմուծված բանանի մեջ, շարունակում է գաղտնի մնալ: Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում:

 

 

Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն  կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության ներսում: Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որը, սակայն, կարճ արձագանքեց. «Նման բան չկա. Հայկ Մարությանը մեզ չի դիմել»: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ մամուլում լուր տարածվեց, որ  Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն կրկին մերժում է ստացել: Ստացվում է՝ Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու:




Լրահոս