ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՀՂԻ ԿՆՈՋ ՄԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դեպքով:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով իրավապահների տեսադաշտում է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի տեղակալ Գրիգոր Առաքելյանը:

Ինչպես հայտնի է, 2023 թվականի մարտի 3-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ արձանագրել է, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները եւ իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար եւ պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։ Այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։

Նաեւ չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը եւ, ի վերջո, փակել իր համար խոցելի թեման: Ու մինչ իրավապահները այս ողբերգական դեպքով խառնվել են իրար ու նոր քրեական գործ են հարուցել, մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր հետեւյալ հարցին. իր որդու առեւանգման գործով զոհ չկա, սակայն մարդ են կալանավորում, մինչդեռ իր ավտոշարասյան արարքի հետեւանքով զոհ կա, ու որեւէ մեկը կալանավոքրված չէ: Փաշինյանը վստահեցրեց, թե տեղյակ չէ գործի ընթացքից, բայց որեւէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։

 

 

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ՝ ՀԵՐՈԻՆԻ ԳՈՐԾՈՎ

Ի՞նչ են ԱԱԾ-ում պատմել 1 տոննա Հերոինի գործով կալանավորված՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ընկերության տնօրենն ու պահեստապետը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք ներկայացրել են այն, ինչը Միհրան Պողոսյանը ցուցադրել է տեսանյութում: Մասնավորապես, ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը հայտնել է, որ բանվորը տարօինակ բան է նկատել արկղերում, ու այդ մասին տեղյակ են պահել իրեն, ինքը 15 րոպե անց մոտեցել է արկղերին եւ տեսել է տարօրինակ զանգվածը: Առանձնացրել է մեկ արկղը ու նկարել է իր բջջային հեռախոսով: Կրկին բացել է նոր արկղ ու նկարել է իր հեռախոսով տարօրինակ զանգվածը: Այդ ամենից հետո հրահանգել է աշխատակիցներին շարունակել աշխատանքը, իսկ տարօրինակ զանգվածի մասին տեղյակ է պահել ղեկավարներին. այլ բանից տեղյակ չէ:

Ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանն էլ ցուցմունք է տվել, որ աշխատակիցները նկատել են տարօրինակ զանգված արկղերում, որի մասին տեղյակ են պահել իրեն, եւ այլ բան չգիտի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԱԿԱԼՆ ՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

Մայիսի 20-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ իրավապահներին է ինքնակամ ներկայացել մեկ քաղաքացի եւ հայտնել, որ ինքն է կրակել Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա: Այս պահին իրավապահները նրա մասով գործողություններ են իրականացնում՝ հասկանալու համար, թե արդյոք ներկայացած քաղաքացին է կրակել թաղապետի տեղակալի վրա եւ փախուստի դիմել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդներ չեն զիջել ճանապարհը միմյանց, ինչից հետո սկսվել է լեզվակռիվ, եւ արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալին կրակելու դեպքով մեկ անձ կալանավորվեց:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՆՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հուլիսի 27-ին՝ 2 անգամ, հուլիսի 28-ին, օգոստոսի 5-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր պահման թիվ 26-րդ խցում պատրաստել, պահել եւ կրել է առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք հանդիսացող ածելու սայր, որով կատարել է կտրվածքների տեսքով ինքնավնասում, որոնք պատճառել են առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, այնուհետեւ ինքնավնասման առարկա հանդիսացած սայրերը ներկայացրել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին: Գործը մտել է դատարան:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս