«ՕԹԹԿ»-Ն ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կներկայացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին, Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։

 

«Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարեւոր է ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա: Ֆիլմը բացառիկ է իր տեսակով, ոճով եւ սցենարով եւ ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ: Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի եւ որակի ֆիլմ ստանալ, այն էլ՝ չունենալով մեծ ներդրողներ», – նշում է Սերժ Գաբյանը։

Հիշեցնենք, որ ֆիլմն այս տարի՝ ապրիլին, ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ բիզնեսմենին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու եւ ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:

Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արման Ղազարյանը. ֆիլմում նաեւ իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla -ն: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչեւ 2022-ի մայիս Երեւանում: Ֆիլմը նախաձեռնող եւ իրականացնող «Հուլիգան ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

 

 

 

 

ՌՈՏԵՆԲԵՐԳԻ ԽԱՆՈՒԹԸ ԲԱՑ Է

Ինչպես արդեն հայտնել էինք, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, արդեն տեւական ժամանակ է՝ Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, իր անունը կրող բրենդային խանութը փակել է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսեց, որ «Մարիոթ» հյուրանոցում առկա խանութ-սրահի մասնաճյուղը բաց է իր հաճախորդների համար:

 

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի՝ հունիսին, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Արդեն հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոտենբերգի՝ Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում էր Daily Mail-ը:

Դատավորը կարգադրել էր առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը եւ թագավորական այգիները: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար: Ու երեւի սա է պատճառը, որ Ռոտենբերգը փակել է իր խանութը Հայաստանում, ու տեւական ժամանակ է՝ ինքն էլ է «անհետացել»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ՝ «ՍԹՈՐԻ»-ՈՒՄ

Ազգային երգերի կատարող Սեւակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում ակտիվ գործունեություն է սկսել ծավալել «Ինստագրամ»-ում: Երգչի կինը՝ Քրիստինան, «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում իր հետեւորդների համար կազմակերպել է հարց ու պատասխան եւ մեկնաբանել նրանց հուզող հարցերը:

Լ. Ե.

 

 

 

 

ՈՒԵՖԱ-Ի ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱԿ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում  ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում  ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն իսպանական «Սեւիլիան» եւ իտալական «Ռոման»։

 

ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՎԵՊԸ՝ ԹՈՓՈՒՄ

Էրիկ Ավետիսյանի «Անիծված որդի»-ն Independent Book Publishing Professionals Group-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն անկախ գրքերից մեկը: «Անիծված որդի»-ն դուրս է եկել Next Generation Indie Book Awards 2023-ի եզրափակիչ՝ անկախ հրատարակիչների ու ինքնահրատարակված հեղինակների համար նախատեսված աշխարհի ամենախոշոր մրցանակաբաշխության անսպասելի անվանակարգում: Հաղթողները եւ եզրափակիչ փուլի մասնակիցները կպարգեւատրվեն հունիսի 23-ին Չիկագոյի Նյուբերի գրադարանում կայանալիք գալա միջոցառման ժամանակ, որը համընկնում է Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի տարեկան համաժողովի հետ:

 

 

 

 

ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 12-րդ ռակետ շվեյցարացի Բելինդա Բենչիչը մեկնաբանել է 20-ամյա ռուսաստանցի, ազգությամբ հայ, աշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանից կրած պարտությունը (3:6, 6:2, 4:6) թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։

«Չգիտեմ՝ ինչ ասել։ Պայքարեցի, ինչպես կարող էի, բայց սա այն խաղամակարդակը չէ, որը ես պետք է ցուցադրեի։ Հաղթելու հնարավորություն կար, այդ պատճառով այս պարտությունն ավելի ցավալի է։ Ուրախ եմ, որ ոտքիս վնասվածքից հետո կարողացա դուրս գալ կորտ։ Ոչ մի ցավ չզգացի։ Կարծում եմ՝ մի քանի շաբաթ կպահանջվի նախկին մակարդակին վերադառնալու համար»,- Բենչիչի խոսքերը մեջբերել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ, աշխարհի 124-րդ ռակետ Լեոլյա Ժանժանը:




Լրահոս