ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք մանրամասներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից: Պուտինն  իր խոսքում ընդգծել է կարեւորությունը, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է եղել: «Կարծում եմ, որ, ամեն դեպքում, տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է, դա լրացուցիչ հարթակ եւ երկխոսության հնարավորություն է ստեղծում այն ոլորտներում, որոնք ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս», – նշել է նա։

 

Խոսելով Ղարաբաղի շուրջ կարգավորման գործընթացից՝ ՌԴ նախագահը նշել է, որ հարցերը շատ կարեւոր են եւ զգայուն։ «Համոզված եմ, որ եթե, ի վերջո, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, եւ ոչ միայն երկու երկրներին, այլեւ ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են դրանում, եւ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այդ տարածքում բնակվող մարդկանց անվտանգության ապահովման առումով», – հավելել է նա։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Իսկապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցավ բարձր մակարդակով։ Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։ Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում. այդ մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաեւ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի եւ ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- նշել է նա։

Միեւնույն ժամանակ, նշվում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ առաջնորդները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում. «Ռոյթերզ»-ին է փոխանցել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։

«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաեւան։

Պաշտոնական Երեւանը դեռ չի արձագանքում։

Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի քիշնեւյան գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ եւ եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության եւ եվրոպական 17 այլ երկրներից:

Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ ողջունելով այն։

«Գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու խաղաղությանը շարունակական հավատարմության վերաբերյալ։ Վերջնական համաձայնությունը մոտ է, եւ մենք վճռական ենք մեր ընկերներին օգնելու հասնել դրան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մայիսի 24-ին՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել էր. «Ես, այո՛, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Արձագանքելով քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե Հայաստանն ինչու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում 86.600 ք/կմ տարածքով. «Առաջինը՝ ճանաչել ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ վերահաստատումն է Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի, երրորդ քայլը տարածքների կոնկրետ նշագրմամբ փոխադարձ ճանաչումն է Բրյուսելում»:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Մեկ շաբաթից Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ կքննարկենք տեխնիկական մանրամասները, բայց դրանք շատ կարեւոր մանրամասներ են»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ խոսքն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու ընթացակարգի մասին է։

Հիշեցնենք, որ Պուտինը երեկ ասել էր, որ մեկ շաբաթից Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների փոխվարչապետները կհանդիպեն եւ կհանեն «չմաքրված հարցերը»։

 

 

 

 

ՉՃԱՆԱՉԵԼԸ ԱՆՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից հերթական անհասկանալի հայտարարությունն արեց՝ ասելով, թե մենք 30 տարի ապրում ենք մի երկրում, որը «կադաստրի վկայական» չունի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը նշում է՝ վարչապետի ասածը վերացական էր. պետք չէ դա դարձնել ռեալիստական:

«Խոսքը նրա մասին է, որ եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ մեր սահմանները չեն ճանաչելու. այ սրա մասին է խոսքը: Եթե մենք այնքան խելամտություն չունենանք, որ ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կոնկրետ սահմանները, ապա սա արձակում է նրանց ձեռքերը՝ անելու այն, ինչը որ կուզեին անել, եւ էսքանը չհասկանալը, շատ մեղմ ասած, անհեռատեսություն է»,- ասաց Բաբայանը:

 

 

 

 

 

ՆՈՐ  ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 տոկոս: Նույն տվյալների համաձայն՝ արդյունաբերությունն աճել է 2.4 տոկոսով, շինարարությունը՝ 16,8 տոկոսով, առեւտուրը՝ 23.2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 22,2 տոկոսով:

Տեղեկացանք, որ արտաքին առեւտրաշրջանառությունը առաջին 4 ամիսներին աճել է գրեթե կրկնակի՝ 99,4 տոկոսով: Արտահանումն աճել է ավելի քան կրկնակի՝ 109,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 93,9 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 6,2 տոկոս:

 

 

 

 

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

Թեեւ երեկ ԱԺ նիստերն ավարտվեցին, օրակարգը սպառվեց, բայց երկուշաբթի օրը խորհրդարանում բավականին թեժ է լինելու: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները կգան խորհրդարան:

Ազգային ժողովի համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը:

Այսպիսով, երկուշաբթի օրը խորհրդարան կգան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

 

 




Լրահոս