ԴԱՏԱՎՃԻՌԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԵԿԱՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» եւ «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ եւ այլ ռազմամթերք:

Այնուհետեւ, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները դրանք հետագայում իրացնելու նպատակով: 45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երեւան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, որը դրանք փոխադրել եւ պահել է իր փաստացի բնակության վայրում:

Այնուհետեւ Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները, յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով, եւ ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին: Պարզվել է նաեւ, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել եւ պահել է Երեւան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ վերցրել են փամփուշտները:

Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով մարտական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները եւ ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից: Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ): 2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ 2021 թվականի հունիսի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով): Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով, եւ Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով): Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու եւ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:

Արդյունքում, դատախազի բողոքի հիման վրա, դատարանի բեկանված դատավճռով՝  Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով:

Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:  Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

 

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երեւան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին՝ ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու:

Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ՝ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, եւս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երեւանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից:

Լրացվեց եւ այդ բացը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

ՊԱՐԵԿՆԵՐԸ՝ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ եւ էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաեւ տեխնիկական նոր միջոցներով։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել եւ օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։

Դրան զուգահեռ՝ պարեկները ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովում են նաեւ մոտոցիկլետներով եւ էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթեւեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի եւ հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ։

 

 

 

 

ԲԱՆԱՎԵՃԻ ԹԵՄԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹՆ Է

Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, եւ հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

 

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում եւ ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին. «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին:

Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը մենք ունենք արդյունք. այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

Ավելին՝ ԱԱԾ-ն 1 տոննա Հերոին Հայաստան ներմուծելու մասին հայտնեց։

ՀՀ վարչապետի աներորդի, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է խնջույքի մասնակցել եւ ինչ թմրանյութ է օգտագործել.

«Վերջին անգամ խնջույքի մասնակցել եմ երեւի ընկերներիցս մեկի ծննդյան արարողությանը մոտ մեկ ամիս առաջ: Խնջույքի ժամանակ թմրանյութ չկար ու չեմ օգտագործում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս