ՔԱՆԻ՞ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Հայաստանի դպրոցներում հնչեց  ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը:

 

Վերջին դասը կլինի մայիսի 26-ին, եթե աշխատում են հնգօրյա գրաֆիկով, իսկ 6-օրյա գրաֆիկի դեպքում՝ մայիսի 27-ին:

Հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, կավարտի շուրջ 35.300 սովորող, 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար «Վերջին զանգ»-ի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:

2023 թվականին ուսումնական տարվա ավարտական դասարանցիներին շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Շնորհավորում եմ բոլորիդ այս կարեւոր եւ ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի եւ ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք, եւ ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել այդ պատասխանները՝ սխալվելով ու հաջողելով, հիասթափվելով եւ ոգեւորվելով, կասկածելով ու վստահելով։ Կարեւոր է, որ այդ հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհին պահեք հիմնական առանցքն ու արժեքները: Որ ասպարեզում էլ ձեր ջանքը դնեք, եղե՛ք հաստատակամ ու փորձե՛ք անել լավագույնը, եղե՛ք հոգատար հանրության առջեւ, պատասխանատու եւ պահանջատեր՝ պետության առջեւ, սովորե՛ք սիրել ու ներել, ինքներդ ձեզ համար ձեւակերպել եւ պահել ձեր սկզբունքներն անորոշ ու բարդ իրավիճակներում, մտածել ձեր որոշումների եւ արարքների հետեւանքների ու ազդեցության մասին»։

Նշենք, որ օրվա առթիվ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայություն կիրականացնի նաեւ «Վերջին զանգ»-ի երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ։

«Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգ»-ի կապակցությամբ, մաղթում հաջողություն եւ նպատակների իրականացում։ «Վերջին զանգ»-ի միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում եւ մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաեւ երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ: Պարեկային ծառայության եւ ճանապարհային ոստիկանության խնդիրն է բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթեւեկության կանոնների այլ խախտումներ:

Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի եւ օրվա տոնականության պահպանումը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համազգային թատրոնի դերասանուհի Ժաննա Վելիցյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից եւ «Ճիշտ այդպես» նախագծից, «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հարց ու պատասխան է կազմակերպել իր հետեւորդների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:

 

Հետեւորդներից մեկը դերասանուհուն հարցրել է. «Իսկ չե՞ս ամաչում ամուսնացած տղամարդու հետ հանդիպելուց»: Ի պատասխան Ժաննան ասել է. «Այ սա նորություն էր. եթե դժվար չէ, կասե՞ք՝ հատկապես որ ամուսնացած տղամարդու հետ եմ հանդիպում»:

Նշենք, որ Ժաննա Վելիցյանը Տաշիր քաղաքից է տեղափոխվել Երեւան: Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր. «Հայրս սատար կանգնեց, ասաց, որ միշտ երազել է, որ զավակներից մեկը շարունակի արվեստի որեւէ ճյուղով զբաղվել: Եվ, ահա, դուստրը հայտնում է, որ ուզում է դառնալ դերասանուհի: Շատ ուրախացավ եւ, իհարկե, օգնեց»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՆՎԱՃԵԼ ԵՆ 11 ՄԵԴԱԼ

Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին  (նվիրված Դ.Մ. Կարբիշեւին) մասնակցել են նաեւ հայ երիտասարդ ըմբիշները:

Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Նորիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը եւ 97 կգ Խաչատուր Խաչատրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել  57 կգ Հայկո Գասպարյանը եւ 70 կգ Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը եւ Արտյոմ Իսախանյանը եւ 79 կգ Արեն Իսրայելյանը:

Հայաստանի երիտասարդական թիմը պատրաստվում է հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

 

 

 

 

ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԴԵԲՅՈՒՏ

Marli New York-ն իր հավաքածուն առաջին անգամ ներկայացրել է Կաննի կինոփառատոնում՝ ի պատիվ The Art of Elysium-ի 25-ամյակի:

Հյուրերի թվում էին Ջուլիա Ֆոքսը, Քլեր Հոլթը, Լիլի Գլադստոնը, Անոկ Յայը, Ալթոն Մեյսոնը, Չեյս Քրոուֆորդը, Ջերեմի Հարիսը եւ շատ ուրիշներ։ Հյուրերը փորձել են հայտնի ոսկերչական մոդելներ՝ Tip-Top-ից մինչեւ Cleo։ Նկատվել են նաեւ նմուշներ՝ Empire նոր հավաքածուից։

Մարալ Արթինյանը Marli New York ոսկերչական ապրանքանիշի հիմնադիրն է։ Բավականին կարճ ժամանակում նրան հաջողվեց անուն ստեղծել եւ հետք թողնել ոսկերչական բիզնեսում։ Նրա նուրբ զարդերը կրել են այնպիսի աստղեր, ինչպիսին է Շարլիզ Թերոնը։ Թեյլոր Հիլլը նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավում։ Հայտնի մարդկանց ցուցակն անվերջ է։

Կաննում դեբյուտից մի քանի օր առաջ Արթինյանը ներկայացրել է Marli New York-ի նոր հավաքածուն, որը կոչվում է Empire: Հրավիրված հյուրերի թվում էր նաեւ մոդել, հայազգի ինֆլուենսեր Մարգարիտա Սախաջյանը։

Սահակյանի խոսքով՝ զարդերը շքեղ են: «Ես շատ ուրախ եմ, որ գիտակցում եմ՝ նման ապրանքանիշի հետեւում կանգնած են հայերը»,- ասել է ինֆլուենսերը:




Լրահոս