ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում եւ  Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում՝ կաշառքի գործով:

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝  Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկան Հայկ Սարգսյանի ձերբակալությունից:

ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին  մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին:

Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:

Ինչպես ասում են, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն:

 

 

 

 

Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։ Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու»: Ապա փոխնախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ նշանակվել է ՏԿԵՆ եւ զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ։ Ի պատասխան՝ նա նշել է. «Իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են իմ կենսագրության տվյալներում, որին մանրամասն կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում տրված հարցազրույցների տեսանյութերի միջոցով»: Տեսանյութերը նայեցինք, կենսագրությունը կարդացինք եւ տեսանք, որ փոխնախարարը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018 թվականին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից: 2020 թվականի հունվարին նա նշանակվել էր Շիրակի մարզպետ՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Շիրակում նշանակված 3-րդ, իսկ Շիրակի՝ 11-րդ մարզպետը։ Նկատեցինք, որ երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել:

 

 

 

 

 

Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո, հնչել էին հայհոյանքներ, եւ «հեղափոխության պահապանները» ծեծել էին երիտասարդին։ Այս դեպքը ունեցել էր շարունակություն. ծեծի ենթարկված Գոռ Բաղդասարյանը հանդիպման էր կանչել Ստեփանյանին ու իրեն ծեծելու համար համարժեք պատասխան տվել։ Արդյունքում, միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել ԱԻՆ նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը եւ մյուս երիտասարդները։ Ի դեպ, նրանց սպառնում էր 2-5 տարվա ազատազրկում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը, որպեսզի փրկի քաղաքական իշխանության «սրտի օգնական» Հայկ Ստեփանյանին, քննեց գործը ու որոշեց կարճել։ Ստեփանյանը առաջին անգամ չէ, որ «ռազբորկաների» կիզակետում է։ «Սուրմալու»-ի ողբերգական օրերին, տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայլփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց բացի, նա նախարար Արմեն Փամբուխչյանի հետ փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ էր մտել: Ավելին, 2021 թվականին իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում էին այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից։

 

 

 

 

 

Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար: ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝  վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արեւմուտքին: Դեռ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին: ՍԴ-ում մարտի 24-ին վավերացվելուց հետո  փաստաթուղթը հիմա կառավարությունում է. այն եռամսյա ժամկետում պետք  է ուղարկվեր խորհրդարան՝ վերջնական հաստատման: ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել։ Փաստաթուղթը պետք է ԱԺ գար եռամսյա ժամկետում. երեք ամիսն անցել է, ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ, այսինքն՝ հաջորդ շաբաթ վերջնաժամկետն է, եւ պարզ կլինի՝ ինչ որոշում է կառավարությունը կայացրել Հռոմի ստատուտի վերաբերյալ: Իրավաբան մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ գործադիրը կարող է եւ չուղարկել այն ԱԺ, ինչը կնշանակի, որ այս պահին պատեհ չի համարում փաստաթուղթը վավերականացնելը: Ընդգծենք, որ կառավարությունից ԱԺ ուղարկելու ժամկետը հաջորդ  շաբաթ արդեն լրանում է, իսկ ՔՊ-ականները չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ. մի մասը կարծում է, որ պետք է սառեցնել գործընթացը, չուղարկել ԱԺ, քանի որ կարծում են՝ առանց այն էլ այս գերլարված իրավիճակում պետք չէ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ բացասական է գնահատում Հայաստանի՝ այդ փաստաթղթին միանալը: ՔՊ-ականների մյուս մասն էլ կարծում է, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց՝ այն պարագայում, երբ անգամ ՄԻԵԴ-ի վճռին չենթարկվեց Ադրբեջանը, ու պարզ չէ, թե այս փաստաթուղթը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Արցախին: «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝  Փաշինյանն էլ իր թիմակիցների հետ զրույցում ակնարկել է, որ միառժամանակ սառեցնեն գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով. չեն բառացում նաեւ, որ ԱԺ չհասնի այն:




Լրահոս