Հայաստանում վերջին օրերի զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Էդգար Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, նախ զրույցը սկսենք այսօրվա ամենասպասելի իրադարձությունից. Քիշնեւում եռակողմ հանդիպում է սպասվում: Հանդիպելու են Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարները՝ Շառլ Միշելի ղեկավարությամբ: Ի՞նչ սպասումներ կան այս հանդիպումից:
-Եթե չեմ սխալվում, հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը: Իհարկե, վերջին մասով դեռեւս հաստատումներն ամբողջական չեն: Ես կարծում եմ, որ այդ հանդիպումներից ոչ մի դրական սպասելիքներ չի կարելի ունենալ, ու, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միջազգային հանդիպումից չի կարելի դրական ակնկալիք ունենալ: Նախորդ նմանատիպ հանդիպումը քառակողմ ձեւաչափով եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որը, ըստ Իլհամ Ալիեւի արձանագրումների, եղել է պատմական այն իմաստով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ Արցախը Ադրբեջանի կազմում: Եվ այդ խայտառակ հայտարարությունից հետո է շրջափակվել Արցախը, դրանից հետո տեղադրվել են սահմանային անցակետեր, վերջնականապես խզվել է կապը Հայաստանի ու Արցախի միջեւ: Ես կարծում եմ, որ այս հանդիպումը եւս մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում ոչ միայն Արցախի անվտանգության ու ճակատագրի համար, նաեւ մեր պետության համար ընդհանրապես:
-Պարո՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը իր գրեթե բոլոր հայտարարություններում շեշտում է հստակ սահման՝ 29.800 ք/կմ, ու ինքն էլ իր ասուլիսում հաստատեց, որ դրա մեջ չեն մտնում Արցախն ու անկլավները, այսինքն՝ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Արցախն ու անկլավները պետք է հանձնվեն նրան: Այնպիսի տպավորություն է, որ այս թիվը անընդհատ շեշտելով՝ հանրությանը տրամադրում է, որ սա մեր սահմանն է եւ վերջ, պետք է այսքանով սահմանափակվել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մակերեսային լիմիտի մտածողության եւ անգրագիտության հետեւանք է: Եթե պետության ղեկավարը որեւէ ցուցանիշ է հրապարակում, այդ ցուցանիշը պետք է լինի պաշտոնական՝ հիմնված պետական մարմինների տված տեղեկությունների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքի մասին տեղեկություն կարող է հայտնել միայն կառավարությանը ենթակա Կադաստրի կոմիտեն, իսկ Կադաստրի կոմիտեն պաշտոնապես հրատարակել է Հայաստանի ազգային ատլասը, որտեղ ներառված են Հյաստանի եւ Արցախի բոլոր աշխարհագրական օբյեկտներն ու վայրերը:
-Պարո՛ն Ղազարյան, խոսեցիք Կադաստրի կոմիտեի մասին: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 30 տարի ապրում ենք մի երկրում, որը չունի «կադաստրի վկայական»: Ի՞նչ կասեք այս մասին:
-Դա նույնպես պրիմիտիվության ու անգրագիտության հերթական դրսեւորումներից է: Էդ դեպքում պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել՝ աշխարհում որ երկիրը ունի «կադաստրի վկայական», միջազգային որ կազմակերպությունն է տալիս «կադաստրի վկայական»: Եթե ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով կոնկրետ թիվ՝ մակերեսային տարածքի վերաբերյալ, ապա էդ դեպքում հարց է առաջանում՝ ուրիշ որ երկրի տարածքային ամբողջականությունն է Հայաստանը ճանաչում՝ կոնկրետ թվերով: Նման բան որեւէ պետության հարաբերություններում գոյություն չի ունեցել:
ՔՐԻՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՍՈԹՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷԻՆ
ԱԺ ՄԻՊ եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ սահմանամերձ Սոթք համայնքում ենք։
Սահմանամերձ բնակավայրերի երեխաների հետ միասին հավաքվել ենք՝ նշելու Երեխաների տոնը։
Օգտվելով առիթից՝ տիկին Վայգանդի հետ շրջեցինք Սոթքի դպրոցում եւ բացօթյա խաղասրահում, ծանոթացանք վերջիններիս անմխիթար պայմաններին։
Հյուրընկալվեցի նաեւ Սոթքի մանկապարտեզում, որը շատ խնամված էր ու պայծառ։
Հ.Գ. Թող բոլոր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի ներքո եւ ունենան անհոգ մանկություն»։
ԱԱԾ ՇԵՆՔԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկացնելով, որ ծառայության Տավուշի մարզային վարչության շենքի հողատարածքն ընդլայնելու ու սպասարկումը բարելավելու համար անհրաժեշտություն է առաջացել նշված շենքի հարեւանությամբ առկա, համայնքային սեփականություն հանդիսացող 371.5 քառ. մետր մակերեսով հողամասը տրամադրել ծառայությանը։
Տեղեկացանք, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դեմ չէ եւ առաջարկում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Իջեւան, Անկախության փողոց թիվ 10/31 հասցեում գտնվող 371.5 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։
Ն.Հ.
ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼՈՒ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խորհրդարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդգծել է՝ կարեւոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։
«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են, ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», – ասաց նա։
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ